Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է այն խնդրին, թե ինչու չիրագործվեց 2001-ի ապրիլին Քի Վեսթում բանակցված տարբերակը, որով Մեղրիից 8 մետր լայնքով ճանապարհ էր տրվում Ադրբեջանին, փոխարենը Լաչինով տրվում էր ավելի մեծ ու լայն մի միջանցք․ «Միջանցքի լայնությունը, որը փաստաթղթում ձեւակերպված չէր, անվտանգության տեսակետից գրադի լայնության երկու կողմերի վրա էր` 42 կմ»։ Այսինքն՝ գրեթե ամբողջ Լաչինի շրջանը։
Ցանկանալով խոսել Փաշինյանի ապաշնորհության մասին՝ Քոչարյանը նկատում է․ «Պատկերացրեք՝ հիմա ունենայինք «Քի Վեսթի» լուծումը, եւ այն համեմատեք այսօրվա անորոշ վիճակի հետ, եզրեր չկան»։ Այ էստեղ էլ ծագում են խնդիրները։ Իսկ ի՞նչն էր խանգարում ունենալու։ Քոչարյանն ասում է՝ Ադրբեջանի նախագահը չստորագրեց, որովհետեւ «Ալիեւն ասաց, որ չի կարողացել համոզել անգամ իր ընտանիքի անդամներին եւ գերագնահատել էր իր հնարավորությունը հասարակական կարծիքի վրա ազդելու հետ կապված»։
Ինչո՞ւմ պիտի համոզեր Ալիեւը, եթե նա ընդամենը եկել է հասկանալու, թե ինչեր դեռ կարելի է կորզել հայերից բանակցություններով, քանի դեռ Ադրբեջանը անհրաժեշտ ուժը չի գտել հարցերը լուծելու առանց բանակցությունների։ Ծերուկ Ալիեւը, որը մահացավ Քի Վեսթից երկու տարի հետո, ժամանակի ավելի լավ զգացում ուներ, քան նույնիսկ դեռ երիտասարդ թոշակառու չդարձած Ռոբերտ Քոչարյանը։
Ալիեւը մանրախնդիր չէր, կարող էր նույնիսկ Քի Վեսթում խոսել ամբողջ Ադրբեջանը Հայաստանին զիջելու մասին, կարող էր բանակցել նույնիսկ հայերին Նախիջեւան վերադարձնելու թեմաներ, միայն թե Արցախի հարցն այդքան արագ չփակվի։ Որովհետեւ նա գիտի, որ կա պարտվելու ժամանակը, եւ կա հաղթելու ժամանակը։
Քոչարյանը հպարտանում է, ասում է, թե Մեղրիի տարբերակի քննարկման ժամանակ Թուրքիայի մասին խոսք չկար։ Ալիեւն էլ էր Քի Վեսթը ստորագրելուց հրաժարվում հենց այդ պատճառով։ Որովհետեւ Թուրքիան դեռ պիտի գար առաջին պլան։ Որովհետեւ Ալիեւն ունի հարցերի լուծման համակողմանիության զգացում, իսկ Քոչարյանը չունի։
Մարդը կարող է լինել մանրախնդիր, բայց էդ մանրախնդրությամբ մեծ հարցերի մասին կարելի է խոսել պետության ճակատագրից հեռու։ Որովհետեւ գինը մեր այսօրն է։ Ադրբեջանցիներն ինչո՞ւ հրաժարվեցին Քի Վեսթը ստորագրելուց: Որովհետեւ ունեն Քոչարյանի չափ խելք եւ համաչափության զգացում՝ 42 կիլոմետրանոց Լաչինն ու Մեղրիի մի քանի մետր լայնությամբ ավտոճանապարհը նույն բանը չեն:
Չեն ստորագրել, որովհետեւ գիտեին, որ էս օրը գալու է հենց քո քավորությամբ: Ի՞նչ մի ափսոսալու բան է, որ Քի Վեսթն իրականություն չի դարձել:
Քոչարյանն ասում է. «Ադրբեջանցիները ընդամենը ճանապարհի իրավունք էին ստանում, ընդ որում՝ ավտոմոբիլային ճանապարհների մասին էր խոսքը, երկաթուղիների մասին արձանագրված չէր»: Ու սրան էլ պիտի համաձայնե՞ր Ալիեւը, որն իր ընտանիքի անդամներին անգամ չհամոզեց, որ սա պետք է Ադրբեջանին:
Հարցերի հարցն այն է, թե ինչու Ալիեւը հրաժարվեց, բայց Ռոբերտ Քոչարյանի մուտքը փակվեց Ամերիկա: Պատասխանն այն է, որ Քի Վեսթի դեմ աղմուկը Հայաստանում շատ ավելի մեծ էր, եւ այդ օրվա իշխանությունը չէր կարողանում Հայաստանին եւ Արցախին համոզել, որ Մեղրին հարվածի տակ չէ: Որովհետեւ Ալիեւը սպասում էր, իսկ Քոչարյանից սպասվում էր քաղաքականություն իրացնել։ Այսինքն՝ Ալիեւը կարող էր քաղաքական գործիչ չլինել իր նավթային եւ բնական այլ ռեսուրսների հաշվին, իսկ Քոչարյանը պարտավոր էր լինել պետական գործիչ, բայց չեղավ։
Ամերիկացիները սիրում են գործ ունենալ քաղաքականության հետ նույնիսկ խորամանկության գնով, նրանք պատրաստ են առերեսվելու աղվեսի հետ, բայց սարսափում են «երեխայի» հետ գործ ունենալուց։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: