Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Խորհրդային Միության փլուզումը կարելի էր կանխել, եւ դրա համար կային բոլոր հնարավորությունները, սակայն այն ժամանակվա երկրի առաջնորդներն ի վիճակի չեղան հաղթահարելու սեփական հավակնություներն ու անպատրաստ էին նման մասշտաբի խնդրի լուծմանը: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը նշել է, որ վերջիններս անընդունակ եղան երկիրը վերակառուցելու, ձեռքից բաց թողեցին այն վտանգավոր գիծը, որն արդեն անհար էր անցնել:
Մատվիենկոն նշել է, որ հրապարակայնության, ժողովրդավարության ու վերակառուցման ամեն մի կոչին պետք է հետեւեր գործողությունների իմաստալից ծրագիր: Ըստ նրա՝ հենց դա էլ դարձավ ԽՍՀՄ փլուզման վճռական պահը:
«Մինչդեռ կարգախոսներից բացի ոչ ոք պատրաստ չէր դրանք կյանքի կոչելու»,-շեշտել է Վալենտինա Մատվիենկոն: Նա ասել է, որ հիմա եթե մեկնումեկը ցանկանա էլ ԽՍՀՄ-ը վերականգնել, դա անիրականանալի է: Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը կայսերական հավակնություններ եւ Խորհրդային Միությունը վերականգնելու ծրագրեր չունի:
«Վե՛րջ, գնացքը հեռացել է։ Հիմա մենք պետք է նոր հիմքերի վրա փոխշահավետ համագործակցություն զարգացնենք»,-շեշտել է Վալենտինա Մատվիենկոն: Նա հավելել է, որ Ռուսաստանն իր հարեւանների, իր բոլոր դաշնակից եղբայր երկրների հետ շարունակելու է խաղաղ, հաշտ ու սիրո մթնոլորտում գոյակցելու ուղին:
Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր անունը պատմության մեջ հավերժացնելու համար մտադիր է վերականգնել ԽՍՀՄ-ը:
Ավելի վաղ ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը նշել էր, որ Խորհրդային Միությունը կարելի էր պահպանել Ինքնիշխան պետությունների միություն կազմավորելու միջոցով, սակայն հեղաշրջման փորձը խափանեց այդ պատեհությունը: