Ըստ France-Presse եւ Reuters գործակալությունների՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հայտնել է, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունները կմեկնարկեն հունվարի 10-ին:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել էր, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունները տեղի կունենան ուղղափառ եկեղեցու Սուրբ Ծնունդի տոներից՝ հունվարի 7-ից հետո:
Ակնկալվում է, որ այդ բանակցություններում կշոշափվեն Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակման եւ Կրեմլի անվտանգության երաշխիքների պահանջների թեմայով:
Նախօրեին ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հյուիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի խորհրդակցություն հրավիրել։ Եթե ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը հանդիպի, դա կլինի խորհրդի առաջին նման հանդիպումը վերջին 2,5 տարվա ընթացքում։