Ըստ France-Presse գործակալության՝ 2021-ին տեղի ունեցած տասը ֆինանսապես ամենանշանակալի աղետներն, ընդհանուր առմամբ, ավելի քան 170 միլիարդ դոլարի վնաս են հասցրել, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 20 միլիարդ դոլարով ավելին է:
Բրիտանական հումանիտար Christian Aid կազմակերպության վերլուծաբանների կարծիքով՝ վնասի չափի ավելացումը 13%-ով արտացոլում է մարդկային գործոնով պայմանավորված կլիմայի փոփոխությունները: Կազմակերպության տվյալներով՝ ամենից շատ ֆինանսական կորստի հանգեցրած տարերային աղետն այս տարի «Իդա» փոթորիկն էր, որն օգոստոսի վերջին հարվածել էր ԱՄՆ-ի արեւելյան ափերին եւ ուժեղ հեղեղումներ էր առաջացրել Նյու Յորքի շրջանում: Christian Aid-ը փոթորիկի հասցրած վնասը գնահատում է 65 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում է 43 միլիարդ դոլարի վնաս պատճառած Գերմանիայում եւ Բելգիայում տեղի ունեցած ջրհեղեղը: Ցանկում տեղ են գտել նաեւ կտրուկ ցրտահարությունը ԱՄՆ Տեխաս նահանգում եւ ջրհեղեղը Չինաստանի Հենան նահանգում:
Կազմակերպությունում խոստովանել են, որ ցանկում հիմնականում ընդգրկվել են տնտեսապես հարուստ եւ զարգացած երկրներում տեղի ունեցած տարերային աղետները: Ըստ զեկույցի՝ առավել աղքատ երկրներում բնական աղետների վնասի չափը դժվար է հաշվարկել, քանի որ այնտեղ ենթակառուցվածքներն ապահովագրված չեն:
Դեկտեմբերի կեսին շվեյցարական ապահովագրական Swiss Re կոնցեռնը 2021-ի տարերային աղետների հետեւանքով հարուցած վնասները գնահատել է 250 միլիարդ դոլար (շուրջ 221 միլիարդ եվրո): Նախորդ տարվա համեմատ բնական աղետների հետեւանքով պատճառված վնասները գրեթե քառորդ անգամ (24 տոկոս) աճել են: