Ըստ Cumhuriyet թերթի՝ Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է, որ դանակով զինված մի մարդ Ստամբուլում հարձակվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) գրասենյակի վրա՝ սպառնալով սպանել բոլորին։ Հարձակման հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։
Սա Թուրքիայի խորհրդարանում երկրորդ խոշոր ընդդիմադիր ուժի՝ քրդամետ կուսակցության վրա երկրորդ հարձակումն է 2021-ի ընթացքում։ Հունիսին կուսակցության Իզմիրի գրասենյակի վրա հրազենով հարձակման հետևանքով կին աշխատակից էր զոհվել։
Քրդամետ կուսակցության հազարավոր ակտիվիստներ, նրանց թվում՝ պատգամավորներ, նախկին առաջնորդներ, Թուրքիայում կալանքի տակ են։ Կուսակցությանը փակվելու վտանգ է սպառնում։ Իշխանությունները կուսակցության գործունեությունը արգելելու հայց են ներկայացրել դատարան՝ ժողովրդադեմոկրատներին զինված խմբերի հետ կապ ունենալու մեղադրանք առաջադրելով։