Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ դեկտեմբերի 27-ին ընդունվեց Բելառուսի նոր Սահմանադրության նախագիծը՝ շուրջ մեկ տարի տեւած կուլիսային քննարկումներից հետո։
Անկախ փորձագետներն ահազանգել են, որ սահմանադրական փոփոխություններն ավելի են բարդացնելու երկրի պետական կառավարման համակարգը, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ չի ձեւավորվելու։ Այսպիսով՝ Բելառուսը շարունակելու է մնալ կառավարման սուպերնախագահական համակարգ ունեցող պետություն, որտեղ վերջին 27 տարիներին միայն մեկ նախագահ է եղել՝ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Սահմանադրության նոր նախագծով՝ նույն անձը Բելառուսի նախագահի պաշտոնում չի կարող մնալ երկու անգամ անընդմեջ։ Դրույթն ուժի մեջ է մտնելու 2025-ի նախագահական ընտրություններից հետո, ինչը Լուկաշենկոյին տեսական հնարավորություն կտա դրանից հետո եւս երկու անգամ առաջադրվելու։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Սահմանադրության նոր տարբերակով նախագահի առանց այդ էլ գրեթե միապետական լիազորություններն էլ ավելի են ընդլայնվել։ Երկրի ղեկավարին, օրինակ, հնարավորություն է տրվել խռովության, զանգվածային անկարգությունների կամ տարերային աղետների դեպքում երկրի տարածքում միանձնյա կերպով արտակարգ դրություն հայտարարել եւ դրանից հետո միայն, եռօրյա ժամկետում, դիմել խորհրդարանի վերին պալատին՝ այն հաստատելու խնդրանքով։
Գործող երկպալատ խորհրդարանին Սահմանադրության նոր տարբերակի հեղինակները ավելացրել են 1200 հոգանոց Համաբելառուսական ժողովրդական ժողովը, որը, զուրկ լինելով օրենքներ ընդունելու լիազորություններից, օժտված կլինի կառավարության գործունեությունը վերահսկելու, նախագահին իմպիչմենտ հայտարարելու եւ բելառուսական զորքի կիրառումը երկրի սահմաններից դուրս թույլատրելու իրավունքներով։
Զգալիորեն ընդլայնվելու են նաեւ Անվտանգության խորհրդի լիազորությունները․ նախագահի մահվան դեպքում այս կառույցը պետք է փոխարինի նրան՝ միառժամանակ ստանձնելով երկրի կառավարումը։