ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ 2021-ի դեկտեմբերի 24-ի դրությամբ պատերազմի հետեւանքով ՀՀ–ում եւ Արցախում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3808 է:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ դեռեւս հուլիսի վերջին հայտնել էր, որ ըստ հոլանդացի գործընկերների հետ կնքված համաձայնագրի՝ 50 փորձանմուշ, որոնցից նույնիսկ 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել, տեղափոխվելու է Հոլանդիա՝ փորձաքննության:
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ կրկնակի փորձաքննություն կատարելու նպատակով 2021-ի օգոստոսի 16-ի դրությամբ Հոլանդիա ուղարկված 53 բարդ փորձանմուշների պատասխանները ստացվել են: Նոյեմբերին եւս 47 փորձանմուշ է ուղարկվել. 42 փորձանմուշից ստացվել է ԴՆԹ, 37-ը նույնականացվել են, իսկ 5-ը մնացել է անհայտ։
«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է 1417 անձի մարմին/մասունք»,- նշել է ՀՀ Քննչական կոմիտեն։
ՔԿ–ն չի հրապարակել մինչ օրս չնույնականացված մասունքների մասին տեղեկությունը՝ դրանք նախաքննական գաղտնիք համարելով։
Ավելի վաղ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, վկայակոչելով Քննչական կոմիտեի տվյալները, հայտարարել էր, որ պատերազմի հետեւանքով Արցախում եւ ՀՀ-ում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։