Օրեր առաջ Գյումրիում Հայաստանի, Հնդկաստանի եւ Վրաստանի արվեստագետները, հոգեւոր եւ աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները հիշեցին ու եւս մեկ անգամ վերարժեւորեցին ուրախ եւ տխուր Ֆրունզիկին։
«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» խորագրով վավերագրական ֆիլմի ցուցադրությունը «Հոկտեմբեր» կինոթատրոնում արժանացավ ջերմ ընդունելության։
Ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության ու «Վրաստանի եւ Հնդկաստանի մշակութային պալատ»-ի համագործակցությամբ։ Նախագիծն իրականացել է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ռանանջայ Անանդի եւ Պալատի համահիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով:
Ֆիլմը նվիրված էր Հնդկաստանի անկախության 75 եւ «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակներին: Ծրագիրն իրականացվել էր Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:
Մինչ ֆիլմի ցուցադրությունը, հնդկական ավանդույթի համաձայն, պատվավոր հյուրերն ու տանտերերը համատեղ վառեցին լամպի լույսերը, ինչից հետո մեծ էկրանին հայտնվեց Մեծ հայը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը։
Վավերագրական ֆիլմում հեղինակներն անդրադարձել էին Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերերին, ինչը հնարավորություն տվեց անվանի դերասանին ճանաչելու տարբեր տեսանկյուններից: Հեղինակները հավաքել ու ներկայացրել էին այնպիսի փաստեր ու դրվագներ, որոնց մասին երբեւէ չէր խոսվել:
Հանդիսատեսը ականատես եղավ յուրահատուկ կադրերի նկարահանման հրապարակից, վերհիշեց «Ալի Բաբան եւ 40 ավազակները», «Սիրո լեգենդ» հնդկական ֆիլմերի լավագույն դրվագները Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ։
Ֆիլմում օգտագործվել էին նաեւ եզակի տեսաերիզներ Դավիթ Բեժիտաշվիլիի անձնական արխիվից, որոնցում Մհեր Մկրտչյանին հիշում էին նրա խաղընկերները՝ հայկական, հնդկական եւ վրացական կինոյի լեգենդները։
Նրանք պատմում էին հետաքրքիր պատմություններ, որոնք տեղի էին ունեցել Հնդկաստանում` Ֆրունզիկի նկարահանումների ժամանակ։ Բարեկամության խորհրդանիշ ֆիլմն ուղեկցվեց Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններով։
Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ֆիլմը հետ տարավ դեպի պատանեկության տարիներ։ Սրբազանը հիշեց, թե 40 տարի առաջ նույն սրահում մեծ էկրանին ընկերներով ինչպիսի հպարտությամբ էին նայում «Ալի Բաբան եւ 40 ավազակները»։ Պատմում է, որ ոգեւորվում էին՝ տեսնելով, որ մեր Ֆրունզիկն այդքան մոտիկից է տեսել հնդկական ֆիլմերի աստղերին, խաղացել նույն հրապարակում։
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեւալը նույնպես խրախուսանքի խոսքեր ասաց ֆիլմի հեղինակներին։ Խոստացավ, որ հաջորդ տարի Հայաստանում կանցկացվի հնդկական ֆիլմերի փառատոն։
«Վրաստանի եւ Հնդկաստանի մշակութային պալատ»-ի նախագահ Դավիթ Բեժիտաշվիլին վստահ է, որ մշակութային բարեկամությունը ամենաամուր կապերից է, միջմշակութային կապի առանցքում Մհեր Մկրտչյանն է, հետեւաբար ֆիլմը դերասանի հարազատ քաղաքում՝ Գյումրիում ցուցադրելը պարտադիր էր։ «Վստահ եմ, այս ֆիլմը կմնա պատմության մեջ»,- եզրափակեց Բեժիտաշվիլին։
Մոտ ապագայում նույն ֆիլմը կցուցադրվի նաեւ Հնդկաստանում, ապա՝ վրացական, ռուսական հեռուստաալիքներով, և կտեղադրվի համացանցում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։