Քաղաքի անկանոն վազքից հետո գյուղի լռությունը հաճելի, բայց անսովոր է։ Այնպես չէ, որ Նոր տարվան այստեղ չեն պատրաստվում։ Պարզապես գյուղի գործերի պասիվ շրջանն է․ հողը սառած է, մեղուն՝ քնած, ու մարդիկ հասցրել են տոնի հետ կապված ամեն բան անել-վերջացնել։
«Մեծ խոզ ենք մորթել, խոշոր եղջերավոր, աքլորներ, մարազիլկեն լիքն ա։ Խոզից սալ ենք դրել, հարսս էլ կարողանում ա բաստուրմա սարքի․ ղոչաղ ա, կարում ա չիմ դասավորի։ Վայրի տանձի՝ մեղրատանձի չիր ենք կտրել, էփում ենք, դնում, պրյատնի (հաճելի) զովացուցիչ ըմպելիք ա։ Թե չէ գնում ես փոշով սոկ առնում, թունավորվում։ Խնձորի, սալորի չիր ենք կտրում, խանութից համարյա բան չենք առնում, տնական ամեն ինչ ունենում ենք։ Մի քանի տեսակի ճաշացու ենք մենակ առնում, այսինքն՝ էն, ինչը մենք չենք ստեղծում»։
Սիրեկան Գրիգորյանն է զրուցակիցս, ինչպես ասում են Դեբետում, ամենաաշխատասեր մարդկանցից մեկը, որին գյուղամիջում կանգնած զրուցելիս երբեք չես տեսնի։ Խառատի մասնագիտությամբ հիսուն տարվա մեղվապահ է, որսի սիրահար, ընտանիքի ապրուստն էլ անասնապահությամբ ու հողագործությամբ է հոգում։ Իր կյանքից գոհ է՝ ասում է։
«Ճիշտ ծրագրավորելու դեպքում մարդը հեշտ կապրի ու եթե աշխատի, կունենա, ոչ մեկից էլ չի ուզի։ Թող հավ պահի, հավը հո ծանր բա՞ն չի, ձուն ծախի, մի խանութի հետ կապվի։ Հետո ամոթ չի հարցնելը, կողքինին հարցնի, ասի՝ էս բանը ոնց անեմ։ Լոդր [ծույլ] մարդը միշտ կարողանում ա պատճառ բռնի, հետո էլ հավատացնի։ Բայց դե դեբետցին, եթե կարտոշկա առնի, ամոթ ա էլի։ Մեծ տարածք ա, թող վարի, ցանի, ով ա խանգարել։ Հողում կարտոշկա, կաղամբ, կարմիր բազուկ ըլում ա, գազար, մի փոքր զբաղվում ես, հետո հաճույք ես ստանում, որ դու ունես արդեն։ Սովոր են ուղղակի, որ մի տեղից օգնություն տան»,- նեղսրտելով ասում է գյուղացին։
71-ամյա դեբետցին համաձայն չէ իր տարեկիցների՝ «կյանքն առաջ ավելի լավ էր, քան հիմա» կարծիքին։ Ինչո՞վ էր լավը, հարցնում է, ապա շարունակում․
«Բնավորություն ա, որ ասում են՝ առաջ լավ էր։ Մեկն ասում ա, մի տասը մարդ էլ հետեւից կրկնում ու չի մտածում, թե էդ ոնց էր առաջ լավ։ Իսկականից լիություն ա էսօր։ Պարտիայի ժամանակ ռայկոմի քարտուղարի համար մեղրը տանեին, ոչխարի պանիրը տանեին, իսկ մի հիվանդի համար դիմում պետք ա գրեիր, խնդրեիր, որ մի կիլո մեղր դուրս գրեն։ Լավը այ հենց հմի ա, քո սեփականն ա էս այգին, դու ես դրա տնօրենը, իսկ սովխոզի ժամանակ այգու խնձորի հետ դու գործ չունեիր, մի կիլո էլ բռնել էին, կդատեին, թե՝ ինչի ես օգտվում։ Էդ հատուկ մարդկանց համար էր։ Արդեն իմ ու քու ա, չէ՞։ Ընդով չաշխատողն ուտեր, իսկ հմի՝ աշխատողը»։
Հայաստանի համար ծանր այս ժամանակահատվածում Նոր տարին տոնել-չտոնելու վերաբերյալ Սիրեկան Գրիգորյանն այսպես է մտածում՝ երեխաների տոնն է, նրանք չեն հասկանում ցավալի իրականությունը, խաղալիքով տոնածառ չդնե՞նք, հարցնում է՝ խանդավառ հայացքով բակում փայտ կոտրող թոռներին նայելով։ Իսկ ընդհանրապես հորդորում է չափավոր ու զուսպ լինել։
Իսկ հաջորդ տարվա անելիքները տնտեսությունը մեծացնելու եւ ապրուստը շատացնելու հետ են կապված։ Մեղվի 11 փեթակը 20-ն է դառնալու․ չարչարանքը քիչ է, եկամուտը՝ շատ։ Աշխատասեր այս մարդը մի մեծ ցանկություն էլ ունի, որի իրականացումն իրենից չի կախված։ Ուզում է, որ Դեբետում աշխատատեղեր բացվեն, ու գոնե 50-60 մարդ աշխատի։
«Ապրանքը պահում ես, մինչեւ ծախելը պարտքդ մեծանում ա, պետք ա մի փոքր եկամուտ դրսից ըլի։ Մեկ տենում ես՝ էրեխի շորը չի լավը, մեկ էլ հոպ՝ լվացքի մեքենան վառվեց, արդեն փող ա պետք»,- բացատրում է նա։
Ընտանիքի անդամներին էլ աշխատասիրությամբ է վարակել։ Բոլորը գիտեն իրենց անելիքը։ Հպարտությամբ պատմում է, թե աղջիկ թոռը՝ Սոնան, ոնց է հողից կարտոֆիլ հանում ու դպրոցում էլ գերազանց սովորում։ Բայց հեռախոսները․․․ «Ծուլացրին մարդկանց, էրեխին մի գործի ես դնում, էնքան ա զբաղված, որ չի լսում քեզ»,- ասում է։
Իր ամբողջ կյանքը Դեբետում ապրած Սիրեկան Գրիգորյանի համար կյանքի ամենաանհոգ շրջանը մինչեւ 17 տարեկանն է եղել, ամենաուրախը՝ հիմա, երբ թոռներն աչքի առաջ վազվզում են։
«Իմ ծննդավայրն ու բնաշխարհն եմ շատ սիրում, ոչ մի անգամ չեմ մտածել գնամ էստեղից։ Ես քոչվոր չեմ ու շատ վատ կզգամ ինձ, որ տուն-տեղը ծախեմ, թե ինչ ա գնում եմ մի հատ ավելի լավ տարածք, ավելի հարուստ տեղ ապրեմ։ Ես՝ իմ բնաշխարհը, սա եմ տեսել ու վաղուց հաշտվել եմ հետը»,- հեռուն նայելով՝ եզրափակում է զրույցը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։