ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը հասել է իր նպատակին` հարեւան երկու երկրների գիտական եւ ստեղծագործական էլիտայի ներկայացուցիչների միջեւ բարիդրացիական շփում է հաստատվել։ Մոսկվան հույս ունի, որ նման շփումները կանոնավոր կդառնան։
Զախարովան ընդգծել է, որ մասնակիցները համամիտ են եղել ադրբեջանցի եւ հայ ժողովրդի միջեւ անվստահությունը նվազեցնելու հարցում մտավորականության դերի կարեւորության հարցում։ «Կառուցողական երկխոսությանը միտված լինելն ակնհայտ է եղել նաեւ մարդասիրական նուրբ թեմաների քննարկման ժամանակ` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձ, Հայաստանի կողմից մնացած ականապատ դաշտերի քարտեզների փոխանցում»,- նշել է Զախարովան։
Նա շեշտել է, որ Մոսկվան աջակցել, աջակցում է եւ կշարունակի աջակցել նման նախաձեռնություններին։ Ռուսաստանում չափազանց արդիական են համարում նման միավորող օրակարգը, որը նպաստում է առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելուն, մթնոլորտ է ձեւավորում այլ ուղղություններով առաջ շարժվելու համար։
Հատուկ ներկայացուցիչների նշանակումը՝ խելամիտ քայլ
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան տրամաբանական եւ խելամիտ քայլ է համարում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակումը: Նա նշել է, որ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի առողջացմանը եւ վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ձեւավորմանը։
ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ ՌԴ-ն բազմիցս է հայտարարել միջնորդական ջանքեր գործադրելու, այդ կարգավորման գործում դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին: