Հայաստանի արտգործնախարարությունը իր 30-ամյա պատմության ընթացքում երբեք այսպես խաղից դուրս վիճակում չէր գտնվել ու երբեք այսպես զանգվածային չէր զրկվել իր կադրային դիվանագետներից, ինչպես 2021-ին:
Ավելի վաղ՝ 2008-ի Մարտի 1-ի դեպքերի նախօրեին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցումով այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը աշխատանքից ազատել էր մեկ տասնյակ դիվանագետների, որոնց մի մասը վերականգնվեց Սերժ Սարգսյանի ու նրա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հեռանալուց հետո միայն:
Այսօր Հայաստանը ներգրավված է երեք կարեւորագույն գործընթացներում, եւ երեքում էլ արտգործնախարարությունն, ըստ էության, խաղից դուրս վիճակում է.
ա. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իր ռուս եւ ադրբեջանցի գործընկերների հետ համակարգում է Հայաստանում եւ տարածաշրջանում հաղորդակցությունների վերաբացման եւ շրջափակումների վերացման աշխատանքները,
բ. պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վրա է դրված Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման բարդ ու մաշեցնող աշխատանքը, որը կրկին Ռուսաստանի հովանավորությամբ է ընթանում,
գ. Հայաստան-Թուրքիա զգայուն երկխոսության գործընթացը համակարգում է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հայաստանի նախկին արտգործնախարարները, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը եւ Զոհրաբ Մնացականյանը կարեւոր, երբեմն առանցքային դեր են կատարել երկրի համար արտաքին քաղաքական կարեւորագույն որոշումներում:
Մինչեւ մի որոշակի կետ նրանք ունեցել են բանակցություններ վարելու լայն դաշտ: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է, եւ հաշվի առնելով խորհրդարանական կառավարման այլ օրինակներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր նաեւ համատեղել արտգործնախարարի պաշտոնը՝ անձամբ ստանձնելով պատասխանատվություն:
Այսօր չկա համակարգված աշխատանք մեր դեսպանատների ու դեսպանների եւ արտգործնախարարության ու արտգործնախարարի միջեւ: Արարատ Միրզոյանը պետք է փորձի վերամեկնարկել արտգործնախարարության ուղեղը, ինչպես նաեւ հետ բերել մեր այն դիվանագետներին, որոնք համակարգում էին 1991-ից, երբ Խորհրդային Հայաստանի արտգործնախարարության հենքի վրա, բայց գրեթե նոր տողից, հիմնադրվում էր նորանկախ հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը:
2021-ին մի շարք դիվանագետներ ու դեսպաններ հեռացան համակարգից կամ, փաստացի, առանց հիմնավորման, հետ կանչվեցին: Անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է, երկրի մի քանի հիմնական կառույցները չպետք է դառնան քաղաքական փոփոխությունների զոհը: Մյուս կողմից, այդ կառույցները եւ նրանցում ծառայողները չպետք է միջամտեն քաղաքականությանը: Այդ կառույցներից մեկը եւ առաջինը, թերեւս, դիվանագիտական անձնակազմն է: Պետք է հասկանալ նաեւ, որ դիվանագետներ պատրաստելու համար պահանջվում է երկար ժամանակ: Զոհրաբ Մնացականյանը դիվանագետին համեմատում էր բժշկի հետ: Դիվանագիտությունը ոլորտ է, որտեղ քաղաքական հավատարմությունը եւ մարդկային որակները կարող են եւ կամ պետք է ստորադասվեն պրոֆեսիոնալ կարողություններին: Հայաստանը կայացած դիվանագետներին դուրս նետելու շռայլությունը չպիտի ունենա:
Ովքե՞ր դուրս մնացին արտգործնախարարությունից 2020-ի 44-օրյա աղետալի պատերազմից հետո կամ նախօրեին:
Նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռանալը տրամաբանական էր, քանի որ նա, ինչպես եւ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի պատասխանատվություն են կրում ղարաբաղյան բանակցությունները տապալելու համար: Պարոն Մնացականյանը ոչ միայն դեմ չի արտահայտվել Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» պոպուլիստական, դատարկ հայրենասիրական, բայց միջազգային ընկալումով սադրիչ հայտարարությանը, այլ դա եղել է նրա հետ համաձայնեցված:
Պատերազմի նախօրեին պարոն Մնացականյանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին արած կոշտ ձեւակերպումները որեւէ կերպ չէին բխում Հայաստանի շահերից եւ կամ մեր երկրի իրական հնարավորություններից ու հավելյալ լարվածություն էին ստեղծում: Այսօր նա լռում է, փորձում է իրեն մոռացության տալ, սակայն իրականությունից ու պատասխանատվությունից փախուստ չի կարող ունենալ:
Ընդհանրապես, 1991-ից ի վեր մեր արտգործնախարարներից միայն Վահան Փափազյանը եւ Ալեքսանդր Արզումանյանն են թիվ մեկ դիվանագետի պաշտոնը թողնելուց հետո համաձայնել կամ ցանկություն հայտնել ծառայել պետությանը ավելի ցածր կարգավիճակում: Փափազյանը դարձավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, իսկ Արզումանյանն այսօր գործող դեսպան է Ստոկհոլմում:
Արտգործնախարարության արդեն գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի ազդեցիկ լինելը (նա ուներ գորշ կարդինալի համարում), ինքնուրույն որոշումներ կայացնելը եւ Ռոբերտ Քոչարյանի հետ խոր կապերը չէին կարող հանդուրժվել գործող իշխանությունների կողմից:
Բացի այդ՝ Մելիքյանից ազատվելու հարցում ԱԳՆ-ի ներսում կար լուռ համաձայնություն: Արտգործնախարարի տեղապահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի առաջին գործը եղավ Մելիքյանից ազատվելը:
Մեկ այլ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, ով համաձայնեց թիվ մեկ դիվանագետի պարտականությունը կատարել երկրի համար ամենածանր շրջանում, ակնհայտորեն պատրաստ չէր մտնելու պատմական բեռի տակ եւ կիսելու պատասխանատվություն մի քաղաքականության համար, որի կառուցման գործում նրան մեղադրելը արդարացված չի կարող լինել: Նա անդադար պատրվակներ էր փնտրում եւ հարմար պահին հեռացավ:
Նախկին փոխարտգործնախարար եւ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որ սերտ հարաբերություններ ուներ Քոչարյանի, բայց առանձանպես Սերժ Սարգսյանի հետ, առանց նշանակման էր մնացել դեռ 44-օրյա պատերազմից առաջ: Զոհրաբ Մնացականյանը նրան առաջարկել է փոխարտգործնախարարի աթոռը պատերազմի վերջին շրջանում, երբ պարտությունն արդեն ակնհայտ էր դառնում: Պարոն Մարգարյանը հրաժարվել է, թեեւ մինչեւ պատերազմը ինքն էր ձգտում նման պաշտոն ստանձնելու, սակայն մերժվում էր:
Արդեն նախկին փոխարտգործնախարարներ Արտակ Ապիտոնյանի, Գագիկ Ղալաչյանի եւ Ավետ Ադոնցի հեռանալը համակարգից գործող իշխանությունները համարում են որոշ դեպքերում թիկունքից հարված, որոշ դեպքերում երկրի համար ծանր պահին պատասխանատվություն ստանձնելուց խուսափելու քայլ:
Մեկնաբանությունները եւ տեսակետները կարող են լինել տարբեր, բայց կա մեկ կարեւոր իրողություն՝ Ղալաչյանը, Ապիտոնյանը եւ Ադոնցը 30 տարի ծառայել են Հայաստանին, կանգնած են ԱԳՆ-ի հիմնադրման եւ կայացման ակունքներում, բարձրակարգ դիվանագետներ են, եւ անթույլատրելի շռայլություն է նրանցից այսպես հրաժարվելը:
Ճիշտ է, պարոն Ադոնցը ժամանակին եղել է քաղաքական թիմի անդամ (Բարգավաճ Հայաստան), ասոցացվել է երկրորդ նախագահի հետ, սակայն դա չի կարող ստվել գցել նրա դիվանագիտական կարիերայի վրա:
Ինդոնեզիայում ՀՀ արդեն նախկին դեսպան եւ ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել անհեթեթ պատճառաբանությամբ, եւ սա այն դեպքն է, երբ իշխանությունները պետք է բացատրություն տան «սիրելի ժողովրդին»: Հակառակ դեպքում դա կանենք մենք՝ հրապարակելով տիկին Աղաջանյանի գրագրությունը leak արած դիվանագետի անունը: Այստեղ պետք է կրկնենք, որ, այո՛, մեր դեսպանները չպետք է իրենց քաղաքական նախասիրությունները արտահայտեն եւ սովորեն մի պարզ սկզբունք՝ այն, ինչ չես կարող, չես ուզում արտահայտել հրապարակավ, մի՛ արա նաեւ նեղ շրջանակներում:
Անհասկանալի է նաեւ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից Հրաչյա Թաշչյանի ազատումը: Պարոն Թաշչյանը կադրային դիվանագետ է, եւ նրան չպետք է դուրս թողնել: Ուշագրավ է, որ պարոն Թաշչյանի գործառույթները մասամբ իրականացնում է վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը: Վարչապետ Փաշինյանը նախկիններից խուսափելու ակնհայտ մոլուցք ունի, բայց պարոն Թումանյանի դեպքում դրսեւորում է լայնախոհություն եւ հանդուրժողականություն:
Հիշեցնենք, որ Արտաշես Թումանյանը ՀՀՇ-ի ժամանակ եղել է Գերագույն խորհրդի փոխնախագահ (1992-1995), 1998-2006 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական եւ նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 2015-ից Իրանում Հայաստանի դեսպանն էր:
Անհասկանալի է նաեւ կադրային դիվանագետներից Մհեր Մկրտումյանի հետկանչը: Պարոն Մկրտումյանը երբեք չի եղել քաղաքական ֆիգուր, չի ասոցացվել նախկինների հետ, եղել է աշխատող եւ պարկեշտ դիվանագետ: Նա իր սերնդի արաբերենի լավագույն գիտակներից է, Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը թարգմանել է արաբական աշխարհի առաջնորդների համար: 2018-2021 թվականներին նա Արաբական Միացյալ Էմիրություններում եւ ապա՝ համատեղության կարգով Բահրեյնում ՀՀ դեսպանն էր:
Մեկ այլ՝ Հունաստանում ՀՀ արդեն նախկին դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հետկանչը, ճիշտ է ոչ հրապարակավ, բացատրվում է նրանով, որ նա Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից է եւ հրապարակավ իր աջակցությունն է հայտնել երկրորդ նախագահին, երբ վերջինս պայքարում էր Նիկոլ Փաշինյանի դեմ: Ֆադեյ Չարչօղլյանը Խորհրդային Հայաստանի վարչապետ, այն ժամանակ՝ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի թոռն է:
2021-ին հետ կանչված դեսպաններից են նաեւ Գեղամ Ղարիբջանյանն ու Վլադիմիր Կարմիրշարլյանը: Պարոն Ղարիբջանյանին, որը եղել է փոխարտգործնախարար (2005-2009), դեսպան Իրանում, ԱՄԷ-ում եւ Կատարում, փոխարինել է Սիրիայում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը: Իսպանիայում, իսկ ավելի վաղ լատինական եւ սկանդինավյան երկրներում ՀՀ դեսպան պարոն Կարմիրշարլյանին փոխարինել է Սոս Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամներից:
Այսօր, երբ ՀՀ իշխանությունների համբավը սասանված է Սփյուռքում կամ Սփյուռքի որոշ շրջանակներում, դեսպանի պաշտոնին քաղաքական նշանակումները առաջին հերթին բարդացնում են հենց նշանակված դեսպանի աշխատանքը:
Ցավալի, անընդունելի, բայց իրողություն է այն, որ սփյուռքյան որոշ կառույցներ խոչընդոտում, արգելափակում կամ ուղղակի խանգարում են ՀՀ հատկապես այն դեսպանների աշխատանքները, որոնք վարչապետ Փաշինյանի թիմից են, այսինքն՝ քաղաքական նշանակումներ են: Անկախ ՀՀ իշխանությունների հանդեպ վերաբերմունքից՝ դեսպանների եւ դեսպանությունների աշխատանքին խանգարելը պետք է լիներ եւ ժամանակին եղել է Հայաստանի հանդեպ ոչ բարյացակամ տրամադրված պետությունների մենաշնորհը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։