Անցյալ տարվան մտահոգությամբ են հրաժեշտ տվել Երուսաղեմի քրիստոնյա համայնքների առաջնորդները: Նրանք հերթական անգամ հայտարարել են, որ քրիստոնյաների գոյությունը վտանգված է Սուրբ երկրում՝ քրիստոնեության բնօրրանում:
Երուսաղեմի պատրիարքներն ու եկեղեցիների առաջնորդները կոչով դիմել են Իսրայելի, Պաղեստինի եւ Հորդանանի իշխանություններին եւ օգնություն խնդրել՝ դիմակայելու արմատական խմբավորումներին, որոնք անվերջ սպառնում են տեղի քրիստոնյաներին, խնդրել են նաեւ օգնել պաշտպանելու Երուսաղեմի քրիստոնեական թաղամասի ամբողջականությունը։
Հայտարարության մեջ նշված է, որ Սուրբ երկրում հրեա ծայրահեղականներն իբրեւ թիրախ են ընտրում քրիստոնյա հոգեւորականներին: Պատրիարքները հիշեցնում են, որ 2012-ից հետո բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հրեաները ֆիզիկապես կամ խոսքերով հարձակվել են քահանաների վրա, եկեղեցիներ եւ սրբավայրեր են պղծել, կրոնի ազատության վերաբերյալ սպառնալիքներ հնչեցրել:
Քրիստոնեական ուխտագնացությունը՝ վտանգված
Նամակ-հայտարարությունը Իսրայելի, Հորդանանի եւ Պաղեստինի իշխանություններին հղվել է տոներից առաջ. ամեն տարի տոների առթիվ Սուրբ երկիր են այցելում բազմաթիվ քրիստոնյաներ տարբեր երկրներից, մինչդեռ, ըստ առաջնորդների, ուխտավայրերը պաշտպանված չեն:
«Քրիստոնեական ուխտագնացությունն աշխարհի բոլոր քրիստոնյաների իրավունքն է: Բացի այդ՝ այն մեծ օգուտներ է բերում Իսրայելի տնտեսությանը եւ հասարակությանը: Բիրմինգհեմի համալսարանի վերջին զեկույցում նշվել է, որ քրիստոնեական ուխտագնացությունը եւ զբոսաշրջությունը երեք միլիարդ դոլարի օգուտ են տալիս Իսրայելի տնտեսությանը: Տեղական քրիստոնեական համայնքը թեեւ փոքր է եւ նվազում է, սակայն կրթական, առողջապահական եւ մարդասիրական ծառայություններ է մատուցում Իսրայելի, Պաղեստինի եւ Հորդանանի համայնքներում»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարությանը, ինչպես «Ալիք Մեդիա»-ն տեղեկացավ Երուսաղեմի հայոց պատրիարքարանից, Երուսաղեմի հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջնորդի (լատինական պատրիարքի) եւ հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ միացել է նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքը: Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հավելեց, որ Սուրբ երկրում ապրող հայերի մտահոգությունը նույնն է՝ հայկական եկեղեցին, հայ հոգեւորականները եւ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասը նույնպես այդ հարձակումների թիրախում են:
Վերջին դեպքը նոյեմբերին էր. տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է հրեա երիտասարդը թքում Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցու՝ Սրբոց Հակոբյանց վանքի դռներից մեկի վրա եւ, տեսախցիկներին նայելով, հայհոյանքի ժեստեր ցույց տալիս: Անցյալ տարվա ամենաաղմկահարույց դեպքը 2021 թվականի մայիսին էր, երբ հրեա երիտասարդները հարձակվել էին Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Արբակ աբեղա Սարուխանյանի վրա, վնասվածքներ հասցրել, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել:
Հայ հոգեւորականների հանդեպ կատարվող նման դեպքերից հետո սովորաբար Իսրայելի պետական կառույցների ներկայացուցիչները ներողություն են խնդրում հայկական համայնքից, նրանք այցելում եմ հայոց պատրիարքարան, խոստանում, որ կպատժեն խուլիգանական արարքներ կատարած երիտասարդներին, վերջիններս տարվում են ոստիկանություն, սակայն պատիժները սովորաբար խիստ չեն լինում:
«Մեկ դռնից մտցնում են, մյուս դռնից հանում,- «Ալիք Մեդիա»-ին ասում է Երուսաղեմի հայկական թաղամասում բնակվող հայերից մեկը՝ Հակոբ Անդրեասյանը, որ քաջատեղյակ է Իսրայելի քաղաքականությանը փոքրամասնությունների, հատկապես քրիստոնյաների հանդեպ:
Նա վստահ է, որ հրեաների մեջ շատ մարդիկ կան, որոնք իսկապես, առանց թաքցնելու դեմ են տեղի ունեցող նման դեպքերին, քրիստոնյաներին Սուրբ քաղաքի խճանկարի մի մասն են համարում, խնդիրը, ըստ նրա, պետության որդեգրած քաղաքականության մեջ է: «Միշտ ասել եմ, որ Իսրայելի կրոնի գործերով նախարարությունում փոփոխություններ պետք է լինեն: Նախարարն առհասարակ հոգեւորական է լինում, այն էլ՝ հրեա հոգեւորական: Սա արդեն ամեն ինչ ասում է: Այդ հսկա նախարարությունում մեկ հոգի է միայն ներկայացնում քրիստոնյաների շահերը, եւ նա էլ քրիստոնյա չէ, հրեա էլ չէ, իսլամ էլ չէ, հայտնի չէ՝ թե ինչ դավանանք ունի: Նրան նշանակում է նախարարությունը: Մենք բազմիցս խոսել ենք այս մասին, մեր առաջարկները ներկայացրել, բայց իրենք իրենց որդեգրած քաղաքականությունից երբեք հետ չեն կանգնում, հստակ առաջ են տանում»:
Հայերն ամենատուժողն են
Անդրադառնալով Երուսաղեմի պատրիարքների վերջին կոչին՝ Հակոբ Անդրեասյանն ասում է, որ թեեւ հայտարարությունը ստորագրել են հույն, կաթոլիկ եւ հայ պատրիարքները, բայց բոլորն էլ գիտեն, որ քրիստոնյաներից ամենաշատը միշտ հայ հոգեւորականներն են տուժում: Հայտնի է, որ Երուսաղեմի հին քաղաքը բաժանված է չորս թաղամասերի՝ հայկական, մուսուլմանական, հրեական եւ քրիստոնեական։ «Հին քաղաքում հրեաներն ամենաշատը հայկական թաղամասի հետ են առնչվում: Իրենց սրբատեղին գնալու համար նրանք պարտադիր հայկական թաղամասով են անցնում, եւ հենց այդտեղ էլ տեղի են ունենում բախումները մեր հոգեւորականների եւ նրանց միջեւ»:
Հրեա ծայրահեղականներն իրենց ընդվզումը սովորաբար արտահայտում են թքելով: Նրանք թքում են հայ կրոնավորի եւ նրա կրած կամ բռնած խաչի վրա: Թքելն էլ պատճառ է դառնում ծեծկռտուքի: «Պատրիարքի խաչի վրա են նույնիսկ թքել: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հայ վարդապետները Սուրբ Հարության տաճար ուղեւորվելիս են եղել՝ մասնակցելու գիշերային եկեղեցական ավանդական արարողությանը, ճանապարհին հրեաները բռնել եւ ծեծել են»,- պատմում է Հին քաղաքի բնակիչը:
Բազմիցս խոսվել է այն մասին, թե ինչու են հրեա արմատական խմբավորման ներկայացուցիչներն այդպես ծայրահեղ տրամադրված քրիստոնյաների հանդեպ. նրանք Երուսաղեմի հին քաղաքն իրենցն են համարում եւ չեն հանդուրժում որեւէ մեկի ներկայությունն այնտեղ:
«Իսկ բլուրը, որի վրա հայկական թաղամասն է, իրենց Սիոն լեռն է: Այսինքն՝ իրենց համար ամենակարեւոր նշանակության վայրը հայերին է պատկանում: Իմ կարծիքով նաեւ այլ պատճառ կա. նրանք ուզում են քրիստոնեական բոլոր սրբատեղիները թանգարանների վերածել եւ ուզում են իրե՛նք տնօրինել ու հսկել դրանք: Բայց անշուշտ, հիմնական պատճառն այն է, որ նրանք այլ իշխանություն չեն հանդուրժում երկրում: Իսկ այսօր երեք պատրիարքություններն ինքնին իշխանություններ են՝ իրենց իրավունքներով, ծեսերով, յուրահատուկ օրենքներով, որ դարերից են գալիս եւ մինչեւ հիմա անխախտ պահպանվում են: Հրեա պահպանողականներին այդ ամեն ինչը խորթ է թվում, հաշտ աչքով չեն կարող նայել այդ պատրիարքություն-իշխանություններին»,- մեկնաբանում է Հակոբ Անդրեասյանը:
Մեր զրուցակիցը նշում է նաեւ, որ քրիստոնյաներին ճնշելու դրսեւորումներից մեկն էլ քրիստոնեական կալվածների վրա դրվող անիրավ հարկերն են: «Ըստ իսրայելական օրենքի՝ կրոնական բոլոր կառույցներն ազատված են հարկերից, բայց այսօր Իսրայելի պետությունը փորձում է քրիստոնեական կալվածներից հարկեր հավաքել, մինչդեռ հրեական կրոնական կալվածներին չեն մոտենում: Սա նմանվում է իսլամական տիրապետությունների օրոք քրիստոնյաներից հարկեր հավաքելուն, նույն ձեւն է՝ ավելի լիբերալիզացված: Այս առումով միշտ խնդիրներ կան, դատական գործեր են բացվում, քրիստոնեական կալվածքների վրա միլիոններով հարկեր կան դրված, բնականաբար չեն վճարում, դատարաններն էլ անվերջ քննում են այս հարցերը»:
Տեղեկացանք, որ խտրականություն է դրսեւորվում նաեւ տոնական օրերին: «Ընդհանրապես, հրեական տոներին ամբողջ հրեա ժողովուրդը թափվում է Երուսաղեմի Հին քաղաք, որտեղ Լացի պատն է՝ իրենց ամենասուրբ վայրերից մեկը: Քաղաքը բնավ չի փակվում, հարյուրհազարավորներով գալիս են Հին քաղաք: Բայց բավական է քրիստոնեական տոն լինի, օրինակ՝ «Լույսի օրը», որ ամենասուրբ օրն է Երուսաղեմի քիստոնեության համար, ամենաշատը քսանհինգ հազար հոգու են արտոնում գալու Սուրբ Հարության տաճար, որտեղ Հիսուս Քրիստոսի գերեզմանն է: Այդ օրը կառավարությունը փակում է ամբողջ քաղաքը, փակում է նույնիսկ զբոսաշրջիկների առջեւ, որ հազարավոր կիլոմետրեր կտրելով՝ ուխտագնացության են գալիս, չեն թողնում Հին քաղաք մտնել, ուխտը կատարել: Զբոսաշրջիկների համար քաղաքից դուրս էկրաններ են դնում եւ առաջարկում դրանց վրա դիտել տաճարում տեղի ունեցող արարողությունը: Բայց այդ արարողությունն ամբողջ աշխարհով մեկ արդեն հեռարձակվում է, եւ զբոսաշրջիկներն իրենց երկրներում էլ կարող են դիտել, նրանք հատուկ Երուսաղեմ են գալիս՝ այդ օրը Քրիստոսի գերեզման այցելելու համար: Պատճառաբանում են, թե իբր ապահովության նկատառումներով են սահմանափակում, բայց հրեական տոներին չեն մտածում այդ ապահովության մասին, քրիստոնեական տոներին են հիշում: Ես ինքս ոստիկանությունից անցաթուղթ եմ ունեցել անցնելու բոլոր արգելքները եւ «Լույսի օրը» տաճար մտնելու, բայց չեմ կարողացել»,- հավելում է Հակոբ Անդրեասյանը:
Երուսաղեմի պատրիարքների եւ եկեղեցիների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ նաեւ մտահոգություն կա, որ արմատական խմբավորումների ներկայացուցիչներն ամեն կերպ ջանում են քրիստոնյաների հարեւանությամբ ռազմավարական նշանակության սեփականություններ գնել՝ այդ կերպ ճնշելով քրիստոնյաներին, «գործածելով գաղտնի գործարքներ եւ ահաբեկման մարտավարություն՝ հնարավորինս շատ բնակիչների իրենց տներից վտարելու համար, այդպիսով փորձելով կասեցնել Բեթղեհեմի եւ Երուսաղեմի միջեւ պատմական ուխտագնացության ուղիները»:
Մեր զրուցակիցը նշում է նաեւ, որ Երուսաղեմն ու Վատիկանն ավանդաբար լավ հարաբերություններ ունեն, Երուսաղեմի կաթոլիկ եկեղեցուն դժվարությունների ժամանակ միշտ թիկունք է կանգնում Վատիկանը: Այս հայտարարությունն էլ տարածվել է ամբողջ կաթոլիկ աշխարհում, աջակցության կոչեր են հնչել Վատիկանից եւ այլ եկեղեցիների ղեկավարներից: Կոչին արձագանքել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահը՝ այն որակելով որպես տագնապալի ահազանգ: Քենթերբերիի արքեպիսկոպոսը կոչն աննախադեպ է համարել՝ Սուրբ երկրում քրիստոնյաների ապագայի առումով:
«Մեր՝ հայերիս ակնկալիքը Հայաստան պետությունից է: Իհարկե, մեր պետությունն էլ իր արտաքին քաղաքականությունն ունի, մենք այստեղից ամեն ինչի մեջ չենք կարող մտնել, պետությանը ներքաշել, բայց կարծում եմ, որ պետք է վերաբերմունք ցույց տա այս հարցում: Ինչ վերաբերում է Մայր Աթոռին, ապա Մայր Աթոռի եւ պատրիարքության հարաբերություններում բաց կա՝ Ամենայն հաոց կաթողիկոսն իրավասություններ չունի անկախ նվիրապետական աթոռի վրա: Մենք միայն մեր հայրենի պետությունից ենք աջակցություն սպասում»,- հայկական համայնքի ակնկալիքներն է փոխանցում Հակոբ Անդրեասյանը։
Նա նշում է, որ այս հարցերը արտագաղթի պատճառ չեն դառնում հայ համայնքի բնակիչների համար. «Ով պիտի գաղթեր, արդեն գաղթել է: Մեծ գաղթը եղել է արաբ-իսրայելական հակամարտության, պատերազմների պատճառով: Համայնքն այսօր շատ-շատ է նոսրացել»: Ըստ տարբեր տեղեկությունների՝ Հին քաղաքում ամբողջ քրիստոնյաների թիվը երկու հազարից չի անցնում:
Իսրայելի պետության արձագանքը
Երուսաղեմի պատրիարքների եւ եկեղեցիների առաջնորդների հայտարարությանը տարեվերջին արձագանքել է Իսրայելի կառավարությունը՝ այն համարելով անհիմն եւ խեղաթյուրված: Պետական մակարդակով հիշեցվել է, որ Իսրայելի օրենքները հանձնառու են պաշտպանելու երկրի բոլոր համայնքներին, եւ որ պատրիարքների կոչը խեղաթյուրում է իրականությունը Իսրայելի քրիստոնեական համայնքների մասին: Իսրայելի կառավարությունը նաեւ մերժել է պատրիարքների առաջարկը՝ հրատապ երկխոսություն սկսելու այս թեմաների շուրջ, եւ նրանց հորդորել մտածել նման հայտարարությունների հետեւանքների մասին, որոնք կարող են հանգեցնել բռնության եւ վնաս հասցնել անմեղ մարդկանց:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։