ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել դատական գործերը «ձեռքով» մակագրելու վերաբերյալ:
Ըստ ՄԻՊ-ի տվյալների` Վարչական դատարանի նախագահն ինքն է որոշում 5 դատավոր ունեցող դատական կազմերում ընդգրկվող դատավորներին` առանց չափանիշների, սեփական հայեցողությամբ՝ հաճախ նույն դատավորներին ընդգրկելով։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում էլ մակագրություններն անում է դատարանի աշխատակազմի ղեկավարը, քանի որ դատարանի նախագահը միայնակ ի վիճակի չէ իրականացնելու այդքան գործերի մակագրությունը:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ հաճախ չի պահպանվում ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը։
Պաշտպանի զեկույցում նշված է նաեւ, որ որոշ դատավորների չեն մակագրվում բարդ, զգայուն, հանրային հետաքրքրություն ներկայացնող գործեր, ինչը վտանգավոր է ոչ միայն դատավորների միջեւ տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման» առումով, այլեւ կարող է հանգեցնել դատարանների նախագահներից դատավորների անթույլատրելի կախվածության:
ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ այդ խնդրով դիմել է ՍԴ, իսկ մինչ այդ հարցումներ է արել բոլոր դատարանների նախագահներին, բայց նրանցից որեւէ մեկը ցույց չի տվել, որ կան չափանիշներ, կամ չի ներկայացրել ապացույցներ, որ պահպանվում է այբբենական կարգը:
Պաշտպանն ընդգծել է, թե երաշխիք չկա, որ համակարգչային ծրագրի փոխարեն դատավորների միջեւ գործերի բաշխում «ձեռքով» իրականացնելու ընթացքում դատարանների նախագահների կողմից կամ նրանց նկատմամբ արտաքին միջամտություններ չեն լինում։
Արման Թաթոյանը շեշտել է, որ օրենսդրական հստակ կարգավորումների բացակայության պայմաններում ստեղծված իրավիճակը պարունակում է խորքային վտանգներ մարդու սահմանադրական իրավունքների համար։