ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է, որ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը կարեւոր է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։
Ռուդենկոն շեշտել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորագույն ուղղություններից մեկն է։ «Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից գործնական որոշակի օգուտ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանն այդ գործընթացի անմիջական մասնակիցն է»,- ընդգծել է նա։
Փոխնախարարը շեշտել է, որ 2021-ի հունվարի 11-ի մոսկովյան գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ, եւ այդ մեխանիզմի շրջանակում նախապատրաստական կարեւոր աշխատանք է տարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար: «Այժմ միասնական փաթեթը լրամշակվում է։ Այդ մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը»,- ընդգծել է Ռուդենկոն։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ նախադրյալները դրվել են 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածություններով:
«Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման եւ կոնկրետ նախագծերի մեկնարկի շուտափույթ ավարտի վրա»,- նշել է Ռուդենկոն։