Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է Մահարաշտրայի կառավարության «Պրաբհատ» մրցանակը լավագույն միջազգային ֆիլմի համար:
Ֆիլմում օդանավակայանների աուդիտոր ֆրանսիացի Ալենը ժամանում է Արցախի Հանրապետության նորակառույց օդանավակայան: Ինքնահռչակ, թշնամիներով շրջապատված եւ ոչ հաստատուն սահմաններ ունեցող երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե վերաբացվելու համար օդանավակայանը համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց իրականում գոյություն ունի իր բնակիչներով, կառավարությամբ, ենթակառուցվածքներով ու մշակութային դաշտով:
Ֆրանսահայ կինոռեժիսորի ֆիլմը Ֆրանսիայի (SISTER Productions), Հայաստանի (anEva Production) եւ Բելգիայի (Kwassa Films) համատեղ արտադրություն է: Նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:
Ֆիլմն անցած տարի ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ընտրացանկում։ Հետանկախության շրջանի հայկական կինոն առաջին անգամ է արժանանում այս պատվին։
Անկախ կինոյի տարածման ասոցիացիան (ACID-Association du Cinéma Indépendant pour sa Diffusion) եւ Կաննի կինոփառատոնն առաջին անգամ համատեղ ներկայացրել են մի աշխատանք՝ այն համարելով «համընդհանուր ֆավորիտ»։
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը Երեւանի կինոթատրոններում ցուցադրվել է մարտի 10-ից։