SimilarWeb վերլուծական ընկերության հաշվետվության մեջ նշված է, որ Telegram-ը դարձել է Հայաստանում ամենահայտնի մեսենջերը։ Ընկերությունը հավաքել է 103 երկրների Android-ի օգտատերերի տվյալները։
Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ նախկինում երկրում առաջին տեղում էր Viber-ը:
Աշխարհում ամենահայտնի մեսենջերը մնում է WhatsApp-ը, որն առաջին տեղում է 53 երկրներում։ WhatsApp-ի օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում 27 տոկոս է կազմում։
Աշխարհում երկրորդ տեղում Telegram-ն է, որն այս տարի շրջանցել է Facebook Messenger-ին: Այժմ Telegram-ն առաջին տեղում է 14 երկրներում՝ Հայաստանից բացի նաեւ Բելգիայում, Լատվիայում, Կամբոջայում, Վենեսուելայում եւ այլն։ Facebook Messenger-ն առաջինն է 13 երկրներում, դրանց թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում ու սկանդինավյան երկրներում: Viber-ն ամենատարածվածն է մնում երեք երկրներում՝ Բուլղարիայում, Հունաստանում ու Ուկրաինայում։ Ի թիվս այլ մեսենջերների` ասիական երկրներում, հատկապես Ճապոնիայում ու Թայվանում, լայն ճանաչում է ձեռք բերում Line-ը:
Մի շարք երկրներում առավել տարածված են տեղական մեսենջերները. WeChat-ը՝ Չինաստանում, KakaoTalk-ը՝ Հարավային Կորեայում, Zalo-ն՝ Վիետնամում։
Աշխարհում չկա մեսենջեր, որը գերիշխում է բոլորի նկատմամբ: Հինգ ամենատարածված մեսենջերները (WhatsApp, Facebook Messenger, Telegram, Viber, Line) զբաղեցնում են համաշխարհային շուկայի միայն 43%-ը։
Բիզնես շփման համար ամենատարածված մեսենջերը դարձյալ Google Hangouts-ն է։