ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Սուրբծննդյան տոնին ընդառաջ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են մոտ 2000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ դիտորդական անցակետերով ու Լաչինի միջանցքով:
Ստեփանակերտ քաղաքում խաղաղապահների տեղակայման տարածքում ռուս զինծառայողները հայրենակիցների հետ Սուրբ Ծնունդը կնշեն հունվարի 7-ին, իսկ Մկրտությունը՝ հունվարի 19-ին:
Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Եվգենի Կարատաեւը նշել է, որ ռուս խաղաղապահ զորակազմի դիտորդական դիրքերն աշխատում են սովորական ռեժիմով, իրականացվում է մուտքի եւ ելքի անցագրային ռեժիմ՝ փաստաթղթերի ստուգմամբ ու ավտոտրանսպորտի զննությամբ։ Ընթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից գմբեթավոր տեսախցիկներով:
Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մշտադիտարկում ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: