Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերը համալրվել են եւս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար: Պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար։
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ 18 տարեկան եւ բարձր տարիքի, մասնավորապես ռիսկի խմբերի անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափ, որը կնպաստի առավել պաշտպանված լինելուն, հատկապես վերջին շրջանում աշխարհում շրջանառող «Օմիկրոն» տարբերակի տարածման համատեքստում:
Հայաստանը «Սպուտնիկ Լայթի» արտադրությանը հավանություն տվեց այս տարվա սեպտեմբերի 6-ին։ «Լիկվոր» ընկերությունը ռուսական կողմից ստացած մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակում է, այն անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում եւ պահպանություն սառցային ռեժիմում:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը դրվեց շրջանառության մեջ։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 90-ով։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ։