Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 28 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ 40 նոր միջնորդությունները հասել են Թուրքիայի մեջլիս: Միջնորդությունների մեջ է նաեւ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Փերվին Բուլադանի վերաբերյալ միջնորդությունը:
Միջնորդությունները փոխանցվել են խորհրդարանի Սահմանադրության եւ արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված միացյալ հանձնաժողովին։
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննվող գործը վարող դատախազը 2021-ի նոյեմբերին ՍԴ-ին միջնորդել էր կուսակցության 451 անդամի նկատմամբ քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանել, 69 կուսակցականի գործողություններն ու ելույթները ներկայացվել են որպես հիմք կուսակցության փակման համար:
Եթե ՍԴ-ն կուսակցությունը փակելու որոշում ընդունի, նշյալ անձինք հինգ տարի ժամկետով կզրկվեն քաղաքական գործունեություն ծավալելու եւ այլ կուսակցությունների անդամակցելու հնարավորությունից: