Նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ գերեվարված եւ նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից վերադարձած ու Հայաստանում կալանավորված Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը հայտնել է, որ իր պաշտպանյալ Արամյանը կարող է հաշմանդամություն ձեռք բերել։
Գերությունից վերադառնալուց հետո Արենը կենտրոնական զինվորական հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է եղել, սակայն, ըստ պաշտպանի, նա հիվանդի մահճակալից տեղափոխվել է բանտախուց։ Այժմ Արենը վերականգնողական բուժում չի ստանում եւ հոգեբանորեն ծանր վիճակում է։
Արեն Արամյանը մասնակցել է Ապրիլյան քառօրյային, 2020-ի հուլիսյան մարտերին եւ 44-օրյա պատերազմին։ Պաշտպանը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո հրամանատարությունը Արամյանին ներկայացրել է պետական պարգեւի։
«Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում պաշտպանը հայտնել է․ «Արենը դիրքի ավագն էր, մարտի ժամանակ ծնկի շրջանում վիրավորվել է, որից հետո բութ գործիքով մի քանի անգամ հարվածել են նրա գլխին եւ գերի վերցրել։ Գլխի շրջանում կարած վերք ունի, բացի այդ՝ Ադրբեջանում երկու վիրահատության է ենթարկվել։ Հայաստանում վերականգնողական կուրս պետք է անցներ, որ որոշ չափով ոտքը կարողանար շարժել եւ քայլել։ Սակայն գերությունից վերադարձվել ու կալանավորվել է»։
Իրավապահները որպես կալանքի հիմնավորում նշում են, թե Արամյանը կարող է այլ անձանց վրա անօրինական ազդեցություն ունենալ։ Արա Կարապետյանը պնդում է, որ այդ հիմնավորումը չի գործում, քանի որ Արենի հետ գերեվարվածները վերադարձել են հայրենիք, հարցաքննվել, առերեսվել։ Այս պահին Արենի հետ դիրքերում եղած զինծառայողներից մեկ-երկուսը դեռ ադրբեջանական բանտերում են։
Կարապետյանը վստահ է` Արեն Արամյանի անմեղությունն ապացուցվելու է։ «Ես ունեմ հստակ փաստեր, որ Արենը նախքան գերի ընկնելը թեժ մարտեր է վարել։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա նախաքննություն է իրականացվում, դրանց մասին բարձրաձայնել չեմ կարող»,- ընդգծել է փաստաբանը, որը բողոքարկել է Արամյանին կալանավորվելու որոշումը։ Քննության օր դեռ չի նշանակվել։
Քննչական կոմիտեն դեկտեմբերի 11-ին հայտնել էր, որ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արամյանը ՀՀ վերադառնալուց հետո կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) կասկածանքով։