Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մուտքի աջակողմյան հատվածում նորակառույց, հետաքրքիր ճարտարապետական լուծումով մշակույթի տունն է։ Շենքի ճակատային հատվածում մեծադիր ցուցանակ կա՝ «Վարազ Սամուելյան» մշակույթի տուն։
Ո՞վ է Վարազ Սամուելյանը, ինչո՞ւ է մշակույթի տունը կրում նրա անունը՝ գիտեն ոչ բոլորը։ Սակայն ամենաանտեղյակ այցելուն անգամ, տեսնելով պատերին «Վարազ Սամուելյան» մակագրությամբ բազմաթիվ կտավները, կհասկանա, որ խոսքը տաղանդավոր նկարչի մասին է։
Ամերիկահայ նկարիչ, քանդակագործ եւ գրող Վարազ Սամուելյանը (Վարազդատ Սամվելյան) ծնվել է 1917 թվականի ապրիլի 24-ին։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, գերվել է, ապա փախել ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից, Ֆրանսիայում միացել Դիմադրության շարժմանը։
1946 թվականից հայ մտավորականը բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, 1957-ից վերջնականապես հաստատվում է Ֆրեզնոյում, բայց հոգու Հայաստանից բաժանվելն անհնար էր։ Նրա ստեղծագործությունների հերոսները խտացած հայի կերպարներ են՝ Սասունցի Դավիթ, Վարդան Մամիկոնյան, Վիլյամ Սարոյան, որի մտերիմ ընկերն էր նկարիչը։
Ֆրեզնոյում Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայագիտության բաժնի ղեկավար Բերլոու Տեր-Մկրտչյանն ամեն անգամ ավելի է հայանում, երբ հիշում է Վարազ Սամուելյանին․ «Վարազ Սամուելյանը շատ կապված էր Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ։ Այդ կապն արտահայտում էր իր արվեստի միջոցով, Սասունցի Դավթի արձանը Ֆրեզնոյում նրա նշանակալի գործերից մեկն է»։
Վարազ Սամուելյանը բաղձանք ուներ, որ Հայաստանի հյուսիսում, որտեղ պատուհասել էր աղետալի երկրաշարժը, մշակույթի տուն կառուցվեր, որտեղ կցուցադրվեին իր գործերը։ Նա կտակ է կազմում, ըստ որի՝ գումար է հատկացնում մշակույթի տուն կառուցելու համար։ Ընտրվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքը։
«Որպեսզի Արթիկում լինի մի վայր, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու արվեստին։ Շատ գեղեցիկ կառույց է, որտեղ անցկացվում են արվեստի բազմաբնույթ դասեր: Այն հարթակ է նաեւ երիտասարդների համար, որպեսզի արվեստի միջոցով ինքնարտահայտվեն»,- զրույցը եզրափակում է պարոն Տեր-Մկրտչյանը։
«Վարազ Սամուելյան» մշակույթի տունը, որը գործում է 2010 թվականից, կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով։ 550 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքի առաջին հարկում տեղակայված են հանդիսությունների դահլիճը, ցուցասրահը, համակարգչային սենյակը, շախմատի ու ժամանցի սրահը, երկրորդ հարկում` կերպարվեստի եւ երաժշտական խմբակների դասարանները:
Կառույցի պատերն ամբողջությամբ զարդարված են Սամուելյանի շուրջ հարյուր բնօրինակ կտավներով, որոնք առանձնակի գրավչություն են հաղորդում կենտրոնին:
Տնօրեն Լյուդմիլա Վարդանյանը մեզ ուղեկցում է բոլոր խմբասենյակներով՝ էստրադային եւ ժողովրդական երգ, պար, գեղանկարչություն, ասմունք, շախմատ, համակարգիչ, թատերական խմբակներ։
Սաները ոչ միայն Արթիկից են, այլեւ հարակից գյուղերից։ «Ներկա պահին մեզ մոտ սովորում է 130 սան, առավելագույնը մինչեւ 180 սան ենք ունեցել։ Բացի խմբակներում սովորելուց՝ այստեղ երեխաներին հնարավորություն է տրված կազմակերպելու սեփական ցուցահանդեսներ»։ Տիկին Վարդանյանն ասում է՝ սաներն ամեն առիթով երախտագիտությամբ հիշում են բարերարին։
Արթիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Սողոմոն քահանա Մինասյանն իր զավակների կրթությունը նույնպես վստահել է «Վարազ Սամուելյան» կենտրոնին։ Տեր հայրն այս դժվարին օրերում խիստ կարեւորում է հոգեւոր եւ մշակութային կյանքը նոր սերնդի դաստիարակության գործում։
«Մշակույթի ու հոգեւորի բացակայությունը կյանքի վերջը կլինի։ Այստեղ մշակութային կյանքը ծաղկում է»,- ասում է տեր հայրն ու մաղթում, որ կենտրոնում շնորհը շատանա, բարի գործ անողների եռանդն էլ չպակասի։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։