Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են Շուշիի նորակառույց խորհրդարանի շենքը քանդելու մտադրության մասին, որը կառուցվել է մինչեւ 44-օրյա պատերազմը։ Նախատեսվում է քանդել նաև մինչեւ պատերազմը կառուցված հինգհարկանի վեց շենքեր՝ դրանց տեղում մզկիթ կառուցելու նպատակով։
Շուշիի «բարեկարգման» աշխատանքների համար Ադրբեջանի կառավարությունը կհատկացնի ավելի քան 2 միլիոն մանաթ (մոտ 1,2 միլիոն դոլար):
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2020-ի սեպտեմբերի 19-ին հայտարարել էր խորհրդարանը Ստեփանակերտից Շուշի տեղափոխելու ծրագրերի մասին: Նախատեսվում էր ծրագիրն իրագործել մինչեւ 2022-ի մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման 30-ամյակի առթիվ։
Հարությունյանը նշել էր, որ խորհրդարանին է հատկացվել ժամանակին դատական ատյանի համար սկսված եւ կիսատ թողած շենքը։