Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Աբդի Մահամուդը հայտարարել է, թե նորանոր ապացույցներ են ի հայտ գալիս, որ «Օմիկրոնն» ազդում է վերին շնչուղիների վրա՝ սակայն առաջացնելով ավելի մեղմ ախտանշաններ, քան նախորդ տարբերակները:
Նա հավելել է, թե «Օմիկրոնի» արագ փոխանցելիությունը նշանակում է, որ շաբաթների ընթացքում այն կդառնա գերիշխող` վտանգավոր լինելով այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասը պատվաստված չէ:
Օմիկրոնի ամենատարածված ախտանշանները
Հարավային Աֆրիկայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի բժիշկները նշել են «Օմիկրոնի» 8 հիմնական ախտանշանները։ Դրանք, որպես կանոն, սկսում են դրսեւորվել վարակվելու երկրորդ օրը:
The Sun-ը թվարկել է այդ ախտանշանները․ կոկորդի ցավ, հարբուխ, գլխացավ, հոգնածության զգացում, փռշտոց, գիշերային քրտնարտադրություն, ոսկորների, հոդերի եւ մկանների ցավ, մեջքի ցավ:
Քանի որ ախտանշանները, որոնք կարող են տեւել մոտ հինգ օր, շատ նման են սովորական սուր շնչառական հիվանդություններին, դժվար կլինի հասկանալ, որ մարդը կորոնավիրուսով է վարակվել։ Մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակին դիմել բժշկի եւ համարում են, որ հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։
ԱՄՆ եւ Ճապոնիայի գիտնականներն ավելի վաղ հայտարարել են, որ «Օմիկրոնը» կարող է ավելի թեթեւ ընթացք ունենալ, քանի որ ավելի քիչ է ազդում թոքերի վրա։ «Օմիկրոնի» ախտահարման հիմնական գոտին քիթ-կոկորդն ու վերին շնչուղիներն են։
Համավարակի վատթարագույն ժամանակն անցել է
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության ստեղծած պատվաստանյութի փորձարկման աշխատանքները ղեկավարած բրիտանացի գիտնական Էնդրյու Փոլարդը համոզմունք է հայտնել, որ համավարակի վատթարագույն ժամանակաշրջանն արդեն անցյալում է:
Փոլարդն ընդգծել է, որ հետագայում հնարավոր կլինի համավարակի դեմ պայքարել ոչ թե վերապատվաստման կամ կարանտինի եղանակով, այլ առավել խոցելի բնակիչներին պաշտպանելով:
«Չի կարելի ամեն 4 կամ 6 ամիսը մեկ պատվաստվել, դա անհնարին է նաեւ ֆինանսական առումով»,- ասել է գիտնականը:
Նա շեշտել է, որ հարկ է պայքարել կորոնավիրուսի եւ պատվաստանյութերի թեմայով կեղծ, ապակողմնորոշող տեղեկատվության տարափի դեմ: