Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարության որոշմամբ հունվարի 15-ից ուժի մեջ կմտնի չպատվաստվածների մուտքը հանրային սննդի եւ ժամանցի հիմնարկներ, ինչպես նաեւ տրանսպորտ արգելելու մասին պահանջը:
Ներկայում Ֆրանսիայում ռեստորան, սրճարան, կինոթատրոն գնալիս եւ գնացք նստելիս անհրաժեշտ է ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ կորոնավիրուսի ստուգման բացասական պատասխանով տեղեկանք: Հունվարի 15-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանով տեղեկանքն այլեւս չի ընդունվի:
Օրինագիծը վրդովմունք է առաջացրել Ֆրանսիայում: Հակապատվաստման շարժման ակտիվիստները եւ աջակողմյան քաղաքական խմբավորումները պահանջում են այն չեղարկել, սակայն կառավարությունն օրենքը կյանքի կոչելու հարցում վճռական է տրամադրված: Ստորին պալատ Ազգային ժողովում ընդունվելուց հետո օրինագիծը պետք է քվեարկվի նաեւ վերին պալատ Սենատում:
Ընդդիմության անակնկալն իշխող ուժի համար
Հունվարի 4-ին Ֆրանսիայի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումները կեսգիշերին ընդհատվել են։ Պատգամավորների մեծամասնությունը քվեարկություն է պահանջել:
Իշխող Սոցիալիստական կուսակցության համար նիստի դադարեցման պահանջն անակնկալ էր․ կուսակցության պատգամավորներից շատերը ներկա չեն եղել դահլիճում եւ չեն ունեցել անհրաժեշտ թվով ձայներ նիստը շարունակելու օգտին քվեարկելու համար:
Կլեման Բոնը նշել է, որ նիստի դադարեցումը կառավարության համար անհաջողություն էր, բայց դա մեծ խնդիր չի լինի, խնդիրն այն է, որ Ֆրանսիայում ուշանում է պատվաստման անցագրերի որոշումը։
«Պետք է ամեն ինչ անենք, որ նման բան տեղի չունենա: Պետք է ապահովենք օրինագծի ընդունումը։ Սա ընդդիմության կողմից անպատասխանատվություն է եւ կեղծավորություն»,- եզրափակել է նախարարը: