Ակտաու-Երեւան հունվարի 6-ի չվերթը չեղարկվել է։ Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում։
Ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռի ժամանումը նախատեսվում էր Երեւանի ժամանակով 18:20-ին։ Նույն օրը 00:10-ին Ակտաուից Երեւան սպասվող թռիչքի մասին չվացուցակում նշված է, որ ժամանակին կժամանի Հայաստան։ Սակայն թերեւս այն նույնպես կչեղարկվի։
Ղազախստանում տիրող իրավիճակի պատճառով Ակտաուի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։
Միջազգային ավիաընկերությունները չեղարկում են թռիչքները Ղազախստան։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Ալմաթի թռած TU 214 հատուկ նշանակության ուղեւորատար ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել եւ արդեն դուրս է եկել Ղազախստանի օդային տարածքից։ «Նեզավիսիմայա գազետան» նշել է, թե ըստ երեւույթին ինքնաթիռը Մոսկվա պետք է տեղափոխեր նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին։
Նուրսուլթան Նազարբաեւը հունվարի 5-ի երեկոյան վայր է դրել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ իր վրա է վերցնում երկրի Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները եւ պատրաստ է առավել կոշտությամբ գործելու ու կանխելու իրավիճակի հետագա սրումը:
Կարաբիններով, գնդացիրներով զինված ցուցարարները երեկոյան ներխուժել են Ալմաթիում գտնվող նախագահական նստավայր, անվտանգության աշխատակիցները լքել են շենքը։
Ղազախստանի նախագահի հիմնական նստավայրը Նուր-Սուլթանում է։ Շենքը ներառված է Ղազախստանի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում, պետական պահպանության տակ է։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ղազախստանի նախագահ Տոկաեւը արտակարգ դրություն է մտցրել երկրի ամբողջ տարածքում։
Տոկաեւն ավելի վաղ երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել Մանգիստաուի եւ Ալմաթիի մարզերում, ինչպես նաեւ Ալմաթիում եւ Նուր-Սուլթանում:
Որոշումը սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժը երեկոյան 11-ից մինչեւ առավոտյան 7-ը, արգելում է զանգվածային միջոցառումներն ու գործադուլները, ինչպես նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներին լիազորում է զննության ենթարկել քաղաքացիներին ու ստուգել նրանց մեքենաները։
Ղազախստանում արդեն չորրորդ օրն է՝ չեն դադարում գազի կրկնակի թանկացման բողոքի ակցիաները։ Դրանք սկսվել են երկրի հարավարեւմտյան Մանգիստաուի մարզի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքներում, հետո տեղափոխվել այլ կենտրոններ:
Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դիմել է ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում:
Ըստ Ղազախստանի նախագահի՝ երկրում բռնկված խռովությունները պետք է դիտարկել իբրեւ ագրեսիայի տարածում, հետեւաբար ՀԱՊԿ-ին դիմելը տեղին եւ ժամանակին է համարում:
Տոկաեւը նաեւ նշել է, որ «ահաբեկչական խմբավորումները» հսկողության տակ են վերցրել երկրի ենթակառուցվածքները։
«Իրականում սա այլեւս միայն սպառնալիք չէ, սա պետության ամբողջականության խաթարում է եւ ամենակարեւորը ՝ հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք խնդրում են ինձ՝ որպես պետության ղեկավարի, շտապ կարգով օգնություն ցուցաբերել իրենց»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը: