Հայաստանը հարյուրամյակներով պետականություն չի ունեցել։ Պետական գործիչներ, բնականաբար, ունենալ չէր կարող։
Պետականություն չէր նաեւ խորհրդային շրջանի Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետությունը։ Այն խորհրդային կայսրության մի փոքրիկ կտոր էր, որին տրվել էր «հանրապետություն» անվանումը, որի սահմանները եւ ճակատագիրը տնօրինում էր Մոսկվան՝ ըստ իր կամքի, ցանկության, օրվա անհրաժեշտության ու ղեկավարվում էր Մոսկվայից՝ դրածո տեղապահների միջոցով, ինչպես, ասենք, արաբական խալիֆաթի ժամանակ։
Բայց եթե ուշադիր հայացք նետենք Երեւանի շենքերի պատերին, ապա կնկատենք` որքան շատ են քարե սալիկների վրա արձանագրումները, թե այս կամ այն շենքում ապրել է «ականավոր պետական գործիչ» այսինչը կամ այնինչը։
Մեր օրերում, հատկապես 2000-ականների սահմանագծից այս կողմ, սովետական միջին ու բարձր, անգամ ցածր կարգի չինովնիկներից որեւէ մեկի ժառանգը, եթե օրվա իշխանավորների հետ մտերմություն է ունեցել, եւ հնարավորությունները ներել են, հաջողեցրել է իր հոր կամ պապի «ականավոր պետական գործիչ» լինելու մասին վկայություն դաջել նրա ապրած շենքի պատին, նրա անվամբ դպրոց կամ փողոց անվանակոչել։
Մոռացվում է բոլորովին, որ կայսրությունը, որին այդ չինովնիկները հավատարմորեն ծառայել են, Հայաստանը միայն որպես կայսրության մաս էր պատկերացնում։ Իր տիրույթում գտնվող հանրապետությունների անկախության միտքն անգամ, էլ չասած անկախությանն ուղղված քայլերը ծանրագույն հանցագործություն էր դիտարկում ու հենց այս չինովնիկների ձեռքերով ճնշում էր դաժանորեն։
Արդեն 30 տարի է՝ մենք պետություն ունենք։ Ուրեմն պետք է նաեւ պետական գործիչներ ունենանք։ Եթե առաջնորդողը պարզագույն ձեւակերպումն է, թե պետական գործիչներ են բոլոր նրանք, ովքեր բարձրագույն պետական պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, ապա կարճ զբոսանքը համացանցում չպետք է զարմացնի։ Ով ցանկացել, իրեն որպես պետական գործիչ է ներկայացրել։
Իսկ ի՞նչ որակներ պետք է ունենա իրական պետական գործիչը։ Ո՞ր որակներն են տարբերում նրան, ասենք, քաղաքական կամ հասարակական գործիչներից։ Եթե որեւէ դուրսպրծուկ հայտնվում է նախարարի աթոռին ու սկսում պաշտոնը հօգուտ իրեն ու իր շրջապատի օգտագործել, արդյո՞ք պետական գործիչ է։ Մյուսը, եթե շատ ավելի վերեւներում է, բայց պետության շահն իր սեփական շահից չի տարբերում կամ, որ ավելի վատ է, գերադասում է իր շահը, նույնացնում է իրեն ու պետությունը, իր արկածախնդիր վարքով վտանգում է պետությունը, փորձությունների ու փորձանքի է տանում, որքանո՞վ է նա պետական գործիչ։
Անկախության շրջանի մեր պատմության էջերը թերթելիս կնկատենք, որ իրենց կյանքը պետության հաշվին կազմակերպողներն են հիմնականում տիրացել պետական գործչի տիտղոսին։ Սրանց ավելանում են խորհրդային շրջանից մնացածները։ Առաջին հանրապետության կազմակերպիչները, մեր անկախ հանրապետության կայացմանը, ամրապնդմանն ու զարգացմանը ծառայություններ մատուցածները-մատուցողները հետին պլան են մղված՝ մոռացված են կամ մերժված։
Սա ցուցիչ է։ Ցույց է տալիս, թե որքանով ենք մենք պետական ժողովուրդ։ Բացատրում է՝ ինչու է մեր պետությունն այս որակի ու այս վիճակում։ Վկայում է, որ պետության արժեքը գիտակցել ու գնահատել չենք կարողանում։ Հայրենասիրական պոռթկումները մեզ բավարար են։ Ականջահաճո ու սուտ խոստումներն ավելին են, քան պետությունը, որ ունենք այսօր։ Հեշտորեն վտանգում ենք այն հանուն գեղեցիկ ստի ու անիրականանալի երազանքների։ Մեր անիրատեսությանը բախվելով՝ փշրվում են տրամաբանական ցանկացած միտք ու սառը դատողություն։
Քանի մեր թողտվությամբ անկախ Հայաստանում հերոսներ ու պետական գործիչներ են Հայաստանի անկախության դեմ պայքարած սովետական չինովնիկները, քանի մեր քվեի շնորհիվ պետության ու պետականության հետ հոգեւոր որեւէ կապ չունեցող պատեհապաշտներն ու արկածախնդիրներն են երկրի կառավարման ղեկին հասնում, լիարժեք պետական ժողովուրդ համարվել չենք կարող, եւ մեր պետությունը ստորադասելու ենք մեր երազանքներին։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։