Սպիտակ տունը հայտարարել է, որ Կապիտոլիումի վրա հարձակման առաջին տարելիցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ փոխնախագահ Քամալա Հարիսը հունվարի 6-ին ելույթ կունենան Կապիտոլիումում։
Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ Բայդենը համարում է, որ Դոնալդ Թրամփը հատուկ պատասխանատվություն է կրում հարձակման համար։ Նա նշել է, թե Բայդենը հստակ տեսնում է, որ նախկին նախագահը սպառնալիք է երկրի ժողովրդավարության համար, եւ նա մշտապես գործում է ամերիկյան հիմնական արժեքները եւ օրենքի գերակայությունը խարխլելու ուղղությամբ:
Փսակին հավելել է, որ նախագահ Բայդենը հարձակումը համարում է ողբերգական գագաթնակետը այն չորս տարիների ավերածությունների, որ երկիրը ենթարկվել է նախագահ Թրամփի օրոք։
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր կողմնակիցների հարձակման տարելիցի օրը՝ հունվարի 6-ին ծրագրած մամուլի ասուլիսը։ Թրամփը նշել է, որ հարցերին կպատասխանի Արիզոնայում հունվարի 15-ին Կապիտոլիումի գրոհի տարելիցի հետ կապված իր հանրահավաքից առաջ հրավիրվելիք մամուլի ասուլիսում։
2021-ի հունվարի 6-ին Թրամփի հազարավոր կողմնակիցներ ներխուժեցին Կապիտոլիում։ Սա Կոնգրեսի շենքի վրա ամենամեծ հարձակումն էր 1812-ի Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի միջեւ պատերազմից հետո: Թրամփի կողմնակիցները պնդում էին, որ 2020-ի նոյեմբերին անցկացված նախագահական ընտրություններում Թրամփը չի պարտվել, եւ փորձում էին օրենսդիրներին թույլ չտալ հաստատել Ջո Բայդենի հաղթանակը: