Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի կազմում շուրջ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան: Նրանք զորախմբի կազմում կապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:
ՀԱՊԿ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու եւ կարգավորելու համար»,- հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը։
Ղրղզստանը չի կողմնորոշվում
Ղրղզստանի խորհրդարանը չի կարողացել հաստատել Ղազախստանում մեկնարկած խաղաղապահ գործողությանը երկրի զինվորականների մասնակցության առաջարկը։ Ղրղզստանի խորհրդարանի հրավիրված արտահերթ նիստին ներկայացել է ընդամենը 40 պատգամավոր։ Ըստ ղրղզական օրենսդրության՝ զորքերն արտերկիր ուղարկելու հարցում կողմ պետք է քվեարկի խորհրդարանի 90 անդամներից առնվազն 60-ը։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մամուլի քարտուղար Էրբոլ Սուլթանբաեւն ավելի վաղ հայտարարել էր, որ ղրղզ զինվորականները կմասնակցեն ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը, սակայն բողոքի ակցիաների մասնակիցների հետ դիմակայությանը չեն մասնակցի։ «Ղրղզստանի զորքերը զբաղվելու են բացառապես ռազմավարական օբյեկտների հսկողությամբ»,- հայտարարել է Ղրղզստանի նախագահի խոսնակը։
Ղրղզստանի արտգործնախարարությունը սկսել է տարհանել Ղազախստանի տարածքում գտնվող քաղաքացիներին:
«Հաշվի առնելով Ղազախստանում վերջին իրադարձությունները՝ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական-իրավական օգնության շրջանակում աշխատանք է կատարում պետական սահմանի անցակետերով Ղրղզստանի քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ»,- ասված է Ղրղզստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդարգրությունում:
Ղրղզստանի քաղաքացիներին տարհանելու նպատակով տրամադրվել են տրանսպորտի միջոցներ, որոնց շահագործման ծախսը պետությունն է հոգում:
ՀԱՊԿ-ը չէր խառնվի, եթե․․․
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը նշել էր, որ Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի նախաձեռնած խաղաղապահ գործողությունն օրինական է թե՛ ՀԱՊԿ երկրների ներքին օրենսդրությունների, թե՛ միջազգային իրավունքի տեսակետից:
«Սկսվում է չորրորդ փուլը՝ ՀԱՊԿ խաղաղապահ օպերացիան: Դա հարկադրված փուլ է, որից հնարավոր էր խուսափել, եթե հասարակության բողոքավոր զանգվածը զերծ մնար ծայրահեղական արարքներից եւ դրանցով ինքն իրեն օրենքից դուրս չդներ: Օպերացիան իրավակարգ է ՀԱՊԿ ներքին օրենսդրության եւ միջազգային օրենքների առումով, թեպետ կարելի է ենթադրել, թե ինչ գնահատականներ կտան այն արտաքին ուժերը, որոնք կցանկանային ուրիշ իշխանություն տեսնել Ղազախստանում»,- ընդգծել է Կոսաչովը:
Թյուրքական խորհուրդն օգնություն է առաջարկում
Թյուրքական խորհուրդը (նախկինում՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպություն) հայտնել է, որ պատրաստ է օգնություն տրամադրելու Ղազախստանին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Ղազախստանի իշխանություններն ունեն կարգուկանոնը եւ անդորրը վերականգնելու հնարավորություն:
«Խիստ կարեւորում ենք խաղաղությունը եւ կայունությունը մեր կառույցի անդամ-երկիր Ղազախստանում: Ապավինում ենք եղբայրական ղազախ ժողովրդի ողջախոհությանը եւ բնականոն կյանքին վերադառնալու ցանկությանը։ Ցավակցություն ենք հայտնում այդ իրադարձությունների ընթացքում զոհվածների մտերիմներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- հայտարարել է Թյուրքական խորհուրդը:
Կառույցի անդամներ են Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը: Հունգարիան եւ Թուրքմենստանը Թյուրքական խորհրդում ունեն դիտորդի կարգավիճակ: