Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւվլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։
Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Լավրովն ու Չավուշօղլուն ղազախական ճգնաժամից բացի քննարկել են նաեւ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի առաջիկա նիստին, Բոսնիա-Հերցեգովինայում եւ Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ արտգործնախարարները պայմանավորվել են «3+3» ձեւաչափով նոր հանդիպում կազմակերպել։
Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Չավուշօղլուն դրական են գնահատել 2021-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում «3+3» ձեւաչափով առաջին հանդիպումը, որը միտված էր Անդրկովկասում իրավիճակի կարգավորման ու համագործակցության զարգացմանը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նույն կազմով հաջորդ հանդիպումը կազմակերպել։ Սերգեյ Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։