Եվրամիությունն այսօր հայտարարել է, թե ի գիտություն է ընդունել Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու ՀԱՊԿ որոշումը։ ԵՄ արտգործնախարարի խոսնակ Նաբիլա Մասսրալին ընդգծել է, որ նման ցանկացած միջամտություն պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։
«Եվրամիությունը ուշադրությամբ հետեւում է իրավիճակին․ մենք դատապարտում ենք բռնությունները եւ վանդալիզմը Ալմաթիում, ցավակցում զոհերի հարազատներին։ Հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել եւ հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»,- ասել է Կառույցի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
Բրյուսելը պատրաստ է աջակցելու երկխոսությանը
Դիվանագետը նշել է, որ Բրյուսելը պատրաստ է աջակցելու կողմերի միջեւ երկխոսությանը։
Եվրամիությունն ավելի վաղ հորդորել է խաղաղ հանգուցալուծման հասնել Ղազախստանում։ «Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում գործելու պատասխանատվությամբ եւ զսպվածությամբ եւ զերծ մնալու բռնության հետագա սրացման հանգեցնող գործողություններից»,- հայտարարել է Բրյուսելը` ընդգծելով քաղաքացիների՝ խաղաղ ցույցերի իրավունքը։
Եվրամիությունը Ղազախստանի իշխանություններին կոչ է արել հարգելու խաղաղ բողոքի եւ ուժի կիրառման համաչափության հիմնարար իրավունքը՝ պաշտպանելով իր օրինական անվտանգության շահերը եւ պահպանելով իր միջազգային պարտավորությունները:
«Ղազախստանը կարեւոր գործընկեր է Եվրամիության համար. Եվրամիություն-Ղազախստան ընդլայնված գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի շրջանակում մենք հույս ունենք, որ Ղազախստանը կպահպանի իր պարտավորությունները՝ ներառյալ մամուլի ազատությունը եւ տեղեկության հասանելիությունը»,- հայտարարել է միության արտաքին քաղաքական գերատեսչությունը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն կոչ է արել խաղաղ եղանակով կարգավորելու Ղազախստանի ճգնաժամը: «Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես ուշադրությամբ հետեւում եմ Ղազախստանում ծավալվող իրադարձություններին: Բռնությունը երբեք չի կարող լինել հակամարտությունը կարգավորելու ճիշտ լուծում»,- ընդգծել է Ռաուն:
Զսպվածության կոչ Միացյալ Նահանգներից
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը ուշադրությամբ հետեւում է ղազախստանյան իրադարձություններին եւ զսպվածության կոչ անում բոլոր կողմերին։
«Ղազախստանը կարեւոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար։ Դատապարտում ենք բռնությունն ու գույքի ոչնչացումը, իշխանություններին ու ցուցարարներին հորդորում զսպվածություն ցուցաբերել»,- ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ։
Վաշինգտոնը հորդորել է հարգել սահմանադրական ինստիտուտները, մարդու իրավունքները եւ լրատվամիջոցների ազատությունը, այդ թվում՝ վերականգնել ինտերնետ կապը։
«Հորդորում ենք բոլոր կողմերին փնտրել այս ծայրահեղ լարված իրավիճակից դուրս գալու խաղաղ միջոցներ»,- ընդգծել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը։
ԱՄՆ նախագահական նստավայրը եւս ավելի վաղ զսպվածության կոչ էր արել։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին հայտարարել է, որ Վաշինգտոնը հետեւում է Ղազախստանում ծավալվող իրադարձություններին եւ կողմերին հորդորում է չսրել վիճակը։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ասել, որ մենք լսել ենք Ռուսաստանում հնչեցված խենթ եւ կեղծ պնդումները, թե իբր Միացյալ Նահանգներն է այդ զարգացումների հետեւում: Ուզում եմ ընդգծել, որ դրանք բացարձակ սուտ պնդումներ են, ռուսական սովորական ապատեղեկատվության օրինակ: Վերջին տարիներին շատ ենք նման բաներ լսել»,- հայտարարել է Սաքին:
Սպիտակ տան մամուլի խոսնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ղազախստանի ղեկավարներից պահանջում է զսպվածություն դրսեւորել, իսկ ընդդիմությանը հորդորում է պահանջները ներկայացնել խաղաղ եղանակով: