Այսօր Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է։ Այս առիթով ես ուզում եմ հիշել Հոբին։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Ամանորի իր ուղերձում «խոսեց» Հոբի մասին։ Փորձելով խոսել Ռաքելի մխիթարության մասին, որը ողբում էր Քրիստոսի պատճառով սպանված իր որդիների վրա՝ մարդն ասաց՝ ծնվել է 2001 թվականին, զոհվել է 2020 թվականին, վերածնվել է 2021 թվականին։
Ես չգիտեմ, թե ինչպես է վերածնվում 19-ամյա տղան։ Ես գիտեմ, որ նրա մահը զոհաբերություն էր, որը կարելի էր կանխել ճշմարտությունը ասելով։ Այդ տղան մահվան դատապարտվեց ոչ թե Արցախյան պատերազմում, այլ հուլիսյան, որովհետեւ հուլիսյան ավանտյուրան բացեց Պանդորայի արկղը։ Բայրաքթարը նրա ուղղությամբ արկն արձակել էր 2020-ի հուլիսին, որը տեղ հասավ սեպտեմբերին, հոկտեմբերին եւ նոյեմբերին։ Խոսքը Արցախյան վերջին պատերազմում զոհված մեր տղաների ընտանիքներում 2021-ին ծնված երեխաների մասին է։ Եթե հիշում եք, Աստծո ամենախոնարհ ծառա Հոբն Աստծուց փորձվում է դաժանության ամբողջ ծավալով՝ կորցնում է ոչ միայն իր ունեցվածքը, այլեւ որդիներին։ Թվում է՝ Հոբին մխիթարություն չկա, բայց Աստված ի վերջո Հոբին նոր որդիներ է տալիս։
Ռաքելի նորածին երեխաներին սպանում է Հրեաստանի թագավոր Հերովդեսն այն հույսով, որ իր երկրում իր հրամանով սպանված բոլոր նորածինների մեջ կլինի նաեւ Իսրայելի ապագա «թագավորը»՝ Հիսուս Քրիստոսը։
Քրիստոսը չսպանվեց, որովհետեւ Աստված իր որդու հետ էր։ Նույնիսկ հետագայում Աստված Ռաքելի հանդեպ Հոբի շռայլությունը չցուցաբերեց, ինչպես Ալբեր Կամյուն է ասում, «ողբը բարձրանում էր գիշերները, Ռաքելը կանչում էր իր պատճառով սպանված զավակներին, մինչ ինքը՝ պատճառը, դեռ ողջ էր»։
Այսպիսով՝ ինչի՞ մասին է խոսում ՀՀ վարչապետը, երբ ասում է, որ «վերածնվել է 2021 թվականին»։ Ո՞վ է վերածնվել, եթե նորածինը բոլորովին ուրիշ մեկն է։ Այս ամբողջ պատմության մեջ կա նաեւ մեկ այլ դրվագ՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմի զոհասեղանին դրեց իր որդուն, բայց ոչ Հոբի նման, ոչ Ռաքելի նման, որոնք չգիտեին, որ իրենց որդիները մահանալու են։ Նա գնաց Աբրահամի ճանապարհով, նա Ադրբեջանում մեր գերիների դիմաց առաջարկեց իր որդուն։ Եվ այս ամբողջ պատմությունն ի վերջո ավարտվեց նրանով, որ ամենավերջում պարզվեց, որ մեր գերիները «դժբախտ ու դժգույն» արարածներ են։ Ինչպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է ասում, «գերիների ծնողներն էլ գիտեն, որ այդ մարդիկ դասալքություն են արել` իրենք զենքը դրել եւ փախել են»։
Վերջ։ Շրջանը փակվեց։ Չծնվեցին սպանվածները, եւ ըստ էության ոչ մեկն էին նրանք, որոնց վերադարձնելու դիմաց Փաշինյանն առաջարկում էր իր որդուն։
Այսօր ծնվել է Հիսուս Քրիստոսը։ Բայց մինչ այդ ի՞նչ տեղի ունեցավ Հոբի հետ՝ նա այդպես էլ չդադարեց գոհություն բարձրացնելուց առ Աստված։ Իոսիֆ Բրոդսկին, հիշելով խորհրդային իրականությունում իր կրած զրկանքները, ասում է՝ բայց քանի դեռ հող-կավով չեն ծեփել, իմ բերանից կելնեն միայն գոհության բառեր։ Այսինքն՝ Հոբն ասում է, որ երբեք չի կասկածել, որ Աստված կփոխհատուցի։ Աստված փոխհատուցեց Հոբի շարունակականությունը, Հոբի շառավիղը կտեւի։ Ռաքելի մխիթարության ուղիների մասին մենք ոչինչ չգիտենք։
Որպեսզի իմաստավորենք Քրիստոսի ծնունդը, պետք է հասկանանք՝ մենք խոսում ենք կյանքի՞ մասին, թե՞ ավելի կարեւոր մի բանի։ Այստեղ ես կանգ կառնեմ, որովհետեւ Հիսուսի ծնունդը փոխեց աշխարհի բովանդակությունը։
Վարչապետն ակնարկում է, որ պատերազմի գնալով գիտեր, թե ինչ է անում՝ բացում է խաղաղության դարաշրջան։ Ճիշտ այդպես նահատակվում էին առաջին քրիստոնյաները, որպեսզի հաղթի Քրիստոսի բովանդակությունը։ Վարչապետը մեկ հոգու վերածննդի մասին չի խոսում, նա խոսում է Հայաստանի վերածննդի մասին։ Նա խոսում է Նաիրի երկրի մասին, որը ոչ մեկի հետ կռիվ չունի։ Նա մոտավորապես ասում է՝ այսօրվա զոհերի բովանդակային ծիլերը վաղը կտեսնենք։ Բայց նա ուրիշի գոհությունն է կարդում, ոչ իր սեփականը, քանի որ նա սեփական զոհ չունի։
Որովհետեւ գոհությունն իմաստ ունի, եթե դա գոհությունն է նրա, ով անձամբ է զոհաբերել։
Քրիստոսը բոլոր մարդկանց փրկեց մի նախադասությամբ՝ ների՛ր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում։ Հենց այս տրամաբանությամբ Բուլգակովի Վոլանդը ոչ մեկի հանդեպ դաժան չգտնվեց (նույնիսկ Բեռլիոզին ինքը չսպանեց), նա գիտեր, որ չկա մեկը, որը գիտի, թե ինչ է վաղը։
Վաղվա բովանդակությունը մարդու մեջ չկա։ Ու այդպիսի մարդը զվարճալի է։
Վարչապետը Հայաստանի անունից գոհություն է կարդում՝ հենվելով այն բանի վրա, որ մարդիկ, այնուամենայնիվ, ծնվում են։ Ծնվում են, որովհետեւ վաղը կա, վաղը հնարավոր չէ մերժել ու թողնել դատարկ։ Իսկ Քրիստոսը գուցե մահացավ այն պատճառով, որ այդպես էլ չտեսավ Ռաքելի մխիթարությունը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: