ՔՀ պլատֆորմի անդամների եւ այլ ՀԿ-ների՝ Ղազախստանում ստեղծված տագնապալի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
Մենք՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի ներքոստորագրյալ անդամներս ու հայտարարությանը միացած մյուս ՀԿ-ները, չափազանց մտահոգված ենք Ղազախստանում ստեղծված լարված իրավիճակով։ Արագ զարգացող իրադարձությունների լույսի ներքո կոչ ենք անում բոլոր ցուցարարներին զերծ մնալ բռնություն գործադրելուց եւ Ղազախստանի իշխանություններին՝ ապահովել, որ ցույցերին ի պատասխան ձեռնարկված բոլոր գործողությունները լիովին համահունչ լինեն մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին եւ միտված լինեն իրավիճակի խաղաղ դեէսկալացիային։
Ներկայիս իրավիճակը զարգացավ այն բանից հետո, երբ Ժանաոզեն քաղաքում վառելիքի աճող գների դեմ խաղաղ ցույցերը տարածվեցին երկրի մի շարք այլ քաղաքներ՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, եւ ցուցարարները սկսեցին հնչեցնել լրացուցիչ պահանջներ։ Հունվարի 5-ին Ալմաթիում տեղի ունեցան բախումներ իրավապահ մարմինների եւ անվտանգության ուժերի ու ցուցարարների միջեւ, որոնցից մի քանիսը գրավեցին կառավարական շենքեր ու այլ հանրային սեփականություններ, այդ թվում՝ Ալմաթիի օդանավակայանը։ Հունվարի 5-ին՝ ավելի ուշ, կառավարության հրաժարականից եւ նախագահ Տոկաեւի՝ ցուցարարների դեմ «հնարավոր ամենադաժան» միջոցներն օգտագործելու հայտարարությունից հետո Ղազախստանում հայտարարվեց համազգային արտակարգ դրություն։
Հաղորդվել է, որ գիշերը Ալմաթիում եղել են կրակոցներ, հրկիզումներ եւ կողոպուտի դեպքեր։
Երեկ նախագահ Տոկաեւը օգնություն է խնդրել հետխորհրդային վեց պետությունների միջեւ ռազմական դաշինքից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)՝ պայքարելու, իր որակմամբ, «ահաբեկչական» սպառնալիքի դեմ, եւ հաղորդվում է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերն արդեն Ղազախստան են մեկնում։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ առնվազն 300 մարդ վիրավորվել է, եւ մի քանի տասնյակ ոստիկաններ ու ցուցարարներ մահացել են բախումների ժամանակ։ Այս պահին ցուցարարների շրջանում վիրավոր եւ մահացած անձանց թիվը պարզ չէ, ինչն ուժեղացնում է անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ մտահոգությունները։
Ըստ իշխանությունների՝ երկրում ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 200 անձ, թեեւ դիտորդները հաղորդում են, որ իրական թիվը շատ ավելի մեծ է։
Ըստ դիտորդների՝ ձերբակալված անձինք չունեն հասանելիություն իրավաբաններին եւ կան լուրջ մտահոգություններ, որ նրանց՝ պատշաճ եւ արդար դատաքննության իրավունքը չի երաշխավորվի։
Երեկվանից ի վեր երկրում համացանցի կրկնվող խափանումներ են լինում, եւ հաղորդվում է, որ որոշ լրագրողներ ձերբակալվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Ղազախստանում խաղաղ հավաքների ազատության իրավունքի սիստեմատիկ խախտումների փաստագրված այս մոդելը ամրապնդում է ներկայիս իրավիճակի վերաբերյալ մեր մտահոգությունները։
Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակի զարգացմանը։ Ողջունում ենք ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային հաստատությունների ու այլ երկրների կառավարությունների ներկայացուցիչների կողմից զսպվածության եւ իրավիճակի խաղաղ լուծման կոչերը, եւ կոչ ենք անում ցուցարարներին զերծ մնալ ապօրինի միջոցառումներից, իսկ Ղազախստանի իշխանություններին․
— ապահովել, որ բոլոր բնակիչների հիմնարար իրավունքներն ու ազատությունները մշտապես հարգվեն, եւ որ իրավիճակը էսկալացիայի արդյունքում չվերածվի զինված հակամարտության;
— ապահովել, որ շարունակվող ցույցերի հակազդումը լիովին համահունչ լինի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, մասնավորապես, որ ուժի գործադրումից առաջ սպառվեն բոլոր ոչ բռնի միջոցները, եւ որ ուժի կիրառումը լինի համաչափ, վնասները հասցվեն նվազագույնի եւ մարդկային կյանքերը լինեն պաշտպանված;
— հարգել բնակիչների՝ խաղաղ հավաքների, արտահայտվելու ազատության եւ միավորման ազատության իրավունքները, եւ ապահովել, որ այս իրավունքների ցանկացած սահմանափակում բավարարի մարդու իրավունքների միջազգային իրավունքի պահանջները, այդ թվում՝ նաեւ տարբերակելով խաղաղ եւ ոչ խաղաղ ցույցերի մասնակիցներին;
— ապահովել, որ ՀԱՊԿ-ի ուժերի հետ համագործակցությունը իրականացվի բացառապես միջազգային իրավունքի շրջանակում եւ չհանգեցնի մարդու իրավունքների խախտումների;
— տրամադրել վերջին մի քանի օրերի ընթացքում ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց թվի եւ նրանց պահման վայրի վերաբերալ ամբողջական տեղեկատվություն, եւ ապահովել, որ նրանք իրավական օգնության արագ հասանելիություն ունենան, եւ որ նրանց՝ խոշտանգումներից եւ վատ վերաբեմունքից զերծ մնալու, պատշաճ եւ արդար դատավարության իրավունքները հարգված լինեն;
— ներկայացնել վիրավորում ստացած եւ սպանված ցուցարարների ամբողջական թիվը եւ ապահովել այս, ինչպես նաեւ իրավապահ մարմինների եւ զինված ուժերի կողմից՝ զոհերի/վիրավորների հանգեցրած՝ ուժի կիրառման դեպքերի անկախ, թափանցիկ, արագ եւ արդյունավետ քննություն՝ պատասխանատվության ենթարկելու չափազանց մեծ ուժ կիրառելու համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին;
— ապահովել, որ ցուցարարների օրինազանց գործողությունները քննելու եւ հետապնդելու համար ձեռնարկված բոլոր միջոցառումները լիովին համահունչ լինեն պատշաճ դատավարության պահանջներին եւ Ղազախստանի միջազգային պարտավորություններին;
— ապահովել հարգանք՝ տեղեկատվության ազատության իրավունքի եւ հաղորդակցման տարբեր ձեւերի, այդ թվում՝ համացանցի անխոչընդոտ հասանելիության իրավունքի հանդեպ;
— զերծ մնալ իրենց մասնագիտական պարտականությունների շրջանակում միջադեպերը լուսաբանող լրագրողներին ձերբակալելուց եւ ապահովել լրագրողների անվտանգությունը;
— ապահովել, որ քաղհասարակության ներկայացուցիչները կարողանան անխոչընդոտ հետեւել իրավիճակին եւ թույլ տալ Ազգային կանխարգելման մեխանիզի ներկայացուցիչներին այցելել ձերբակալված ցուցարարներին;
— լիարժեք համագործակցել ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի հետ՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով։
Հայտարարությանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից եւ հայաստանյան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունից բացի միացել են Ֆրանսիայում, Վրաստանում, Բելառոուսում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Բուլղարիայում, Լեհաստանում, Ադրբեջանում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Լիտվայում, Ղըրղզստանում, Շվեդիայում եւ այլ երկրներում գործող եւս 41 միջազգային կազմակերպություններ։