Ամենեւին մտադիր չլինելով զուգահեռներ անցկացնել Ղազախստանում ներկայումս ընթացող իրադարձությունների հետ՝ նպատակահարմար ենք համարում ստորեւ հրապարակել մի հատված «Գիտնականը եւ նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ» գրքից (Անտարես–Երեւան, 2019, էջ 522–527)։ Իրադրությունները թեեւ արտաքուստ գրեթե նույնն են, սակայն միանգամայն տարբեր են նման զգայուն իրադրություններում Հայաստանի իշխանությունների՝ անկախ գործելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները։
Ալիք Մեդիա
Վրաստանի Գերագույն Խորհրդի Նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի դիմումը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին եւ կառավարություններին
Ծանրագույն ժամանակ է ապրում Վրաստանի Հանրապետությունը։ Պատերազմի դժվարություններին, որ շարունակում է մարդկային կյանքեր խլել, ավելանում է տնտեսական աղետը, սովի սպառնալիքը։
Նախկին նախագահի անօրինական ավազակախմբերը, օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, օգտագործում են բարդ իրադրությունը, որում հայտնվել է Վրաստանի Հանրապետությունը։ Խափանվել է գլխավոր զարկերակը, որով իրականացվում են սննդամթերքի եւ կենսական նշանակություն ունեցող այլ բեռների մատակարարումները, ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի ուղղությամբ։ Նրանք, ովքեր գրավել են Սամտրեդիան, չեն մտածում կանանց ու երեխաների, հազարավոր փախստականների մասին, որոնց վրա ճանապարհի խափանումը բոլորից շատ կազդի։
Վրաստանի ուժերն առայժմ բավարար չեն առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող այլ երկրների վարձկաններով համալրված անօրինական զորամիավորումները սանձելու եւ Վրաստանի քաղաքացիներին կողոպտող ու նվաստացնող անջատողականներին եւ քրեական տարրերին տեղը դնելու համար։
Հանրապետության կառավարությունը, վրաց ժողովրդի անունից դիմում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարություններին՝ Վրաստանին օգնության հասնելու, նրա խաղաղությունն ու անդորրը վերականգնելու, տարածքային ամբողջականությունը եւ ժողովրդավարության ու ազատության ընտրանքը պաշտպանելու կոչով։
Մենք խնդրում ենք շուտափույթ կերպով համատեղ միջոցներ ձեռնարկել՝ Անդրկովկասի կենսապահովումն իրականացնող ճանապարհի անխափան աշխատանքի վերականգնման ուղղությամբ։
Նույնպիսի խնդրանքով Վրաստանի Հանրապետությունը, որը մտադիր է անդամակցել ԱՊՀ-ին, դիմում է նաեւ այդ Համագործակցության բոլոր պետությունների ղեկավարներին։
Մենք երախտապարտ կլինենք այս դժվարին եւ վճռորոշ օրերին Վրաստանին ցուցաբերված աջակցության համար։
Է. Շեւարդնաձե, 18 հոկտեմբերի, 1993 թ.
* * *
Վրաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի ծածկահեռագիրը Լեւոն Տեր-Պետրոսյանին
Նորին Գերազանցություն Հայաստանի Հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին — Հարգելի պարոն Նախագահ, Զ. Գամսախուրդիայի զինված կողմնակիցների գործողությունների արդյունքում եւ Աբխազիայի, Չեչնիայի ու այլ շրջանների մարտիկների ակտիվ մասնակցության հետեւանքով Արեւմտյան Վրաստանի իրավիճակը շարունակում է սրվել։
Քութայիս քաղաքի գրավման սպառնալիք է ստեղծվում։ Կաթվածահար են մնում Թբիլիսին, Արեւելյան Վրաստանը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը Փոթիի եւ Բաթումի նավահանգիստներին կապող կարեւորագույն հաղորդակցման ուղիներն ու հանգույցները։
Այդ կապակցությամբ ես դիմել էի Ձեզ, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահներին՝ խնդրելով, Վրաստանի հետ համատեղ, մասնակցություն բերել Փոթի-Թբիլիսի-Երեւան եւ Փոթի-Թբիլիսի-Բաքու երկաթգծերի պաշտպանության եւ գործարկման միջոցառումներին։
Այդ դիմումը դրականորեն է ընկալվել Վրաստանում։ Մեր հանրապետության ժողովուրդը խաղաղության, տարածքային ամբողջականության եւ անկախության վերականգնման իր հույսերը կապում է Անդրկովկասի եղբայրական պետությունների եւ Ռուսաստանի օգնության հետ։
Վրաստանի համար կենսական կարեւորություն ունեցող այդ խնդրի լուծման համար հանրապետությունն այսօր անհրաժեշտ ուժերի չի տիրապետում։ Ուստի խնդրում եմ մեկ գումարտակի չափով մեզ օգնություն ցուցաբերել՝ երկաթգծային եւ ավտոմոբիլային մայրուղիների պաշտպանության համար։
Իմ կողմից հավաստիացնում եմ, որ Վրաստանի Հանրապետության իշխանությունների եւ Վրաստանի ժողովրդի կողմից ամենայն աջակցություն կցուցաբերվի խաղաղարար ուժերին։
Այս խնդրանքի եւ իրավիճակի կայունացման իր քայլերի մասին Վրաստանի Հանրապետությունը կտեղեկացնի Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին, ողջ միջազգային հանրությանը։
Է. Շեըարդնաձե, ք. Թբիլիսի, 19 հոկտեմբերի, 1993 թ.
* * *
Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը Վրաստանի Գերագույն Խորհրդի նախագահ
Էդուարդ Շեւարդնաձեին
Մեծարգո Էդուարդ Ամբրոսիեվիչ, ի պատասխան 1993թ. Հոկտեմբերի 18-ի «Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին ու կառավարություններին» հղած Ձեր դիմումի եւ 1993թ. հոկտեմբերի 19-ի հեռագրի, պարտք եմ համարում հայտնել հետեւյալը։
Հայաստանի Հանրապետությունը ծայրաստիճան շահագրգռված է Վրաստանում իրավիճակի շուտափույթ կայունացմամբ, քանի որ դրա սրացման պատճառով գործնականորեն լիովին խախտված է Վրաստանով անցնող հաղորդակցության ճանապարհների գործարկումը։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հատկապես անհանգստացած է երկաթգծի խափանմամբ՝ Փոթի–Սամտրեդիա–Թբիլիսի–Սադախլո հատվածում, որը կենսական նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլեւ տարածաշրջանի այլ երկրների եւ, հատկապես, Հայաստանի համար։
Ղեկավարվելով բարիդրացիության ու մարդասիրության սկզբունքներով եւ հաշվի առնելով վրաց եւ հայ ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթները, Հայաստանի Հանրապետությունն իրեն պարտավորված է զգում արձագանքել Վրաստանի Հանրապետության առաջնորդի դիմումին՝ պատրաստակամություն հայտնելով, բոլոր հնարավոր միջոցներով, օգնություն ցուցաբերել Վրաստանի ղեկավարությանը՝ նրա առջեւ կանգնած բոլոր հրատապ խնդիրները լուծելու համար։
Ինչ վերաբերում է երկաթգծային մայրուղիների համատեղ պաշտպանության ապահովման համար Հայաստանի զինված ուժերի մի ստորաբաժանում տրամադրելու հարցին, ապա ի խուսափումն բաեկամական Վրաստանի ներքին գործերին միջամտելուց, Հայաստանը նման գործողության կարող է մասնակցել միայն Վրաստանում ներքաղաքական դիմակայության դադարեցումից եւ քաղաքացիական խաղաղության հաստատումից հետո, այն էլ՝ եթե նրա կառավարությունից այդ մասին լրացուցիչ խնդրանք լինի։ Խորին հարգանքով՝
Լ. Տեր-Պետրոսյան, 24 հոկտեմբերի, 1993 թ.
* * *
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայաստանում Վրաստանի դեսպան Սագանելիձեի
2016 թ. նոյեմբերի 8-ի հանդիպմանն ընթացած զրույցի գրառումը
Այսօր Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեի նախաձեռնությամբ կայացավ նրա հանդիպումը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որին մասնակցում էին նաեւ Վրաստանի դեսպանորդ Մալխաս Մալաշխիան եւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
Երկու երկրների եւ տարածաշրջանի ներկայիս իրավիճակի շուրջ մտքերի փոխանակումից հետո Տեր-Պետրոսյանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերությունների պատմության ընդհանուր գնահատականին՝ նշելով մասնավորապես հետեւյալը.
Հայաստանն ու Վրաստանը, թերեւս, աշխարհի եզակի հարեւան պետություններն են, որոնց ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող հարաբերությունները, կենցաղային եւ դավանաբանական բնույթի որոշ թյուրըմբռնումներից ու փոխկշտամբանքներից բացի, չեն մթագնվել միմյանց նկատմամբ թշնամական գործողություններով։ Ընդհակառակը, որպես կանոն, դրանք աչքի են ընկել ընդգծված քաղաքական համագործակցության, բարեկամության եւ մշակութային փոխհարստացման ոգով։ Հայաստանն ու Վրաստանը միմյանց դեմ պատերազմել են միայն մեկ անգամ՝ 1920 թվականին, երկուստեք տուրք տալով Առաջին համաշխարհային պատերազմից եւ Ռուսական կայսրության քայքայումից հետո ամենուրեք ծավալված ազգայնականության ալիքին։
Տեր-Պետրոսյանը դեսպանին հիշեցրեց նաեւ նորանկախ Հայաստանի ու Վրաստանի փոխհարաբերութուններին վերաբերող մի ուշագրավ դրվագ։ 1993թ. աշնանը, Արեւմտյան Վրաստանում Գամսախուրդիայի բարձրացրած ապստամբության ժամանակ, Էդուարդ Շեվարդնաձեն պաշտոնապես դիմել էր Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ վրացական երկաթուղու անխափան աշխատանքն ապահովելու համար մեկական գումարտակ ուղարկելու խնդրանքով։ Հայաստանի խորհրդարանը, երկար քննարկելուց հետո, հանգել էր Վրաստանի նախագահի խնդրանքին ընդառաջելու որոշմանը։ Բայց Տեր-Պետրոսյանը, դեմ արտահայտվելով, կանխել էր այդ որոշման ընդունումը։ Օրեր անց նա դրանից նեղսրտած Շեվարդնաձեին ստիպված էր եղել բացատրել իր քայլի դրդապատճառը, այն է՝ հայկական գումարտակի առաքումը, որքան էլ տվյալ պահին գուցե արդարացված, հետագայում միանշանակորեն կգնահատվեր որպես միջամտություն Վրաստանի ներքին գործերին, դրանով ստվեր գցելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունների վրա։
Հայկական բանակի զինվորը երբեք ոտք չի դնելու Վրաստանի հողին, շարունակեց նա, միաժամանակ գոհունակություն հայտնելով, որ անկախացած Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 1990-ական թվականներին ձեւավորված լիակատար փոխըմբռնման մթնոլորտը պահպանվել է նաեւ իր հաջորդների օրոք եւ, որ հակառակ տարածաշրջանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական բարդություններին, Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններն այսուհետեւ եւս իրավունք չունեն մազաչափ անգամ շեղվելու այդ գծից։ ՀՀ առաջին նախագահը նաեւ համոզմունք հայտնեց, որ վերջիվերջո այդ բարդությունները հարթվելու են, եւ կարգավորվելու են նաեւ վրաց-ռուսական հարաբերությունները, ինչի նշաններն արդեն իսկ երեւում են։ Պատմության թե՛ դրական, թե՛ բացասական դասերն անհետեւանք չեն մնում. մարդկության առաջընթացը շատ բանով կախված է դրական դասերն ընդօրինակելու եւ բացասականները մերժելու՝ պետական այրերի ունակությունից,– զրույցը եզրափակեց Տեր-Պետրոսյանը։
(Գրառումը՝ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանի)։