Ըստ Sputnik Ղազախստանի՝ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների այն մասնակիցները, որոնք չեն կատարի զենքը վայր դնելու պահանջները եւ կշարունակեն զինված դիմադրություն ցույց տալ, կոչնչացվեն։
Ղազախստանում ոստիկանության եւ Ազգային գվարդիայի ջոկատները ուժեղացված պարեկություն են իրականացնում, տեղադրվել են պահակակետեր, իրավախախտները ձերբակալվում են։
18 զոհ, 748 վիրավոր
Ղազախստանում ցուցարարներն արդեն մի քանի անգամ փորձել են գրոհել վարչական շենքերն ու ոստիկանական բաժանմունքները, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ավելի վաղ զգուշացրել էր, որ իշխանություններն ամենախիստ միջոցները կձեռնարկեն ցուցարարների նկատմամբ, քանի որ անկարգությունների հետեւանքով իրավապահներ են զոհվել եւ տուժել են։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ անկարգությունների հետեւանքով անվտանգության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 18-ի, 748-ը վիրավորվել են։ Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի եւ 350 վիրավորի մասին։
Ղազախստանի առողջապահության փոխնախարար Աժար Գինիյաթը հայտարարել է, որ վիրավորների թիվն ավելի քան հազար է, հարյուրավոր մարդիկ հոսպիտալացվել են։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ձերբակալվել է ավելի քան 2 հազար մարդ։
Դիտարկում է որպես դրսից հրահրված փորձ
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարության՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները Կրեմլը դիտարկում է որպես այդ երկրի անվտանգությունն ու ամբողջականություն խաթարելու՝ դրսից հրահրված փորձ։ ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, վերահաստատելով հավատարմությունը ՀԱՊԿ շրջականակներում ստանձնած իր դաշնակցային պարտավորություններին, աջակցում է այն անհապաղ գործողությունների կիրառմանը, որոնք ձեռնարկվել են Ղազախստանում ներքաղաքական իրավիճակի սրընթաց վատթարացման եւ բռնությունների աճի պատճառով։
«Բարեկամ պետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունները դիտարկում ենք որպես բռնի ճանապարհով, նախապես մարզված եւ կազմակերպված զինված խմբերի օգտագործմամբ, երկրի անվտանգությունն ու ամբողջականությունը խաթարելու փորձ», — նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան։
ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան են ուղարկվել ՌԴ օդադեսանտային հատուկ նշանակության ուժերի 45-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները, օդադեսանտային ուժերի Իվանովո եւ Ուլյանովսկի կազմավորումները։
Պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել
ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնը մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով։
«Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է համակողմանի աջակցություն եւ օգնություն ցուցաբերել Ղազախստանի իրավասու մարմիններին ահաբեկչական եւ ծայրահեղական բնույթի սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ», — ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Գերմանիան իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել Ղազախստան
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դադարեցրել է Ալմաթիում իր հյուպատոսության աշխատանքը։
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Գերմանիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ այդտեղ ուղեւորություններից։
Ղազախստանում տեղի ունեցողը այդ երկրի ներքին գործն է
Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վան Վեմբինը հայտարարել է, որ Չինաստանը եւ Ղազախստանը բարեկամական հարեւաններ են եւ մշտական ու համապարփակ գործընկերներ։
Պեկինը Ղազախստանում տեղի ունեցողող իրադարձությունները համարում է այդ երկրի ներքին գործը։ Նա հույս է հայտնել, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկայունանա եւ կարգուկանոնը կվերականգնվի։ Չինացի դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշումը։
«Մենք վստահ ենք, որ իշխանությունները կկարողանան պատշաճ կերպով լուծել խնդիրը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացոցիչը։
Ղազախստանի իրադարձությունները պետք է եւս մեկ դաս լինեն Բելառուսի համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է եւս մեկ դաս լինեն Բելառուսի համար։ Լուկաշենկոն հավելել է, որ սա դաս էր, եւս մեկ դաս այն առումով, որ Մինսկում հասկացան, թե ինչ կարող էր լինել Բելառուսում 2020-ի նախագահական ընտրությունների ժամանակ։
«Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ մենք խաղաղ բելառուսներ ենք։ Բելառուսում հարցերը ոչ բելառուսներն էին լուծելու», — ընդգծել է Լուկաշենկոն։
Դիմելով Ղազախստանում ընթացող ցույցերի մասնակիցներին՝ Բելառուսի նախագահը նրանց կոչ է արել բանակցությունների մեջ մտնել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ։
«Ես նրանց պարզապես կասեմ՝ աղմկեցիք, գոռգոռացիք, հերիք է։ Այժմ պետք է պայմանավորվել քանի բանը բանից չի անցել։ Իսկ նախագահ Տոկաեւի հետ կարելի է պայմանավորվել։ Նա նորմալ մարդ է, դիվանագետ, որի հետ հնարավոր է պայմանավորվածություններ ձեռք բերել։ Նա շատ խելոք, կիրթ մարդ է», — նշել է Լուկաշենկոն։