2018 թվականին հիմնադրված «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նպատակն է շրջակա միջավայրը մաքրել վերամշակվող թափոններից ու Հայաստանում զարգացնել վերամշակման մշակույթը։ «Էկո աղբ»-ը թափոնները հավաքում, տեսակավորում ու տեղափոխում է վերամշակման գործարաններ։ Հավաքում են պլաստիկե նյութեր, պոլիէթիլեն, թուղթ եւ ապակի։ 2021 թվականի մարտի դրությամբ հասարակական կազմակերպությունը վերամշակման է հանձնել 135 տոննա թուղթ ու ստվարաթուղթ, 15 տոննա պլաստիկ ու պոլիէթիլենային տոպրակ, 15 տոննա ապակի։
«Էկո աղբ»-ի նոր ձեռնարկներից մեկը «Կափարիչն աղբ չէ» ծրագիրն է։ Դա իրականում մրցույթ է, որն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ։ Մրցույթ-ծրագրին մասնակցում է 6 մարզի (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Լոռի) 18 դպրոց։
«Մենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում շատ ընկերներ ունենք եւ գիտենք, որ իրենք էլ կիսում են մեր գաղափարները։ Այդ պատճառով մեր ծրագրի իրագործման համար նրանց դիմեցինք։ Որոշեցինք սկսել միայն կափարիչներից, քանի որ դրանք փոքր են ու հավաքելու համար հարմար են։ Բացի դրանից` շատ բարդ կլիներ, եթե երեխաները տարբեր տեսակի պլաստիկ հավաքեին: Մենք պետք է նրանց սովորեցնեինք, թե որ տեսակն է վերամշակվող, որը՝ ոչ։ Գուցե սխալ տեսակներ հավաքեին, ու գործարանները դրանք չընդունեին»,- պատմում է «Կափարիչն աղբ չէ» ծրագրի պատասխանատու Մարինե Օհանջանյանը։
Ծրագրի գաղափարը վաղուց է եղել, բայց չի հաջողվել այն իրագործել։ Մի օր որոշել են նստել ու մշակել։ Ապա ուղարկել են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին ու համաձայնություն ստացել։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 18 դպրոցներում աշխատող ուսուցիչ ծրագրին միանալու պատրաստակամություն է հայտնել։ Երեխաների ոգեւորվածությունն ու ակտիվ ներգրավվածությունն ապահովելու համար ծրագրին նաեւ մրցույթային բաղադրիչ են ավելացրել։
«Մեկնարկեցինք թափոնամաններ պատրաստելու մրցույթով։ Դպրոցները պետք է ներկայացնեին երեխաների պատրաստած թափոնամանները, որոնք հետո պիտի դրվեին դպրոցներում, ու երեխաները դրանց մեջ պետք է հավաքեին կափարիչները։ Յուրաքանչյուր դպրոցից կարող էր տասը հոգի մասնակցել մրցույթին։ Բայց կափարիչները հավաքելու գործին կարող են մասնակցել բոլորը»,- ասում է Մարինեն։
Թափոնամանների պատրաստման մրցույթում հաղթել են Հատիսի (Կոտայքի մարզ), Սիսի (Արարատի մարզ) եւ Ակունքի (Կոտայքի մարզ) դպրոցների սաները։ Մինչեւ հունվարի 15-ը նրանք կստանան իրենց նվերները։ Կափարիչներն առաջին անգամ կշռվելու են փետրվարի 27-ին, երկրորդ ու վերջին անգամ՝ մայիսի 27-ին։ Յուրաքանչյուր փուլում ամենաշատ կափարիչները հավաքած երեք դպրոցները ճանաչվելու են հաղթող։
«Հիմա բանակցում ենք գրախանութների հետ։ Կա՛մ այդ գրախանութները, կա՛մ էլ մենք մեր միջոցներով նոր գրականություն ենք գնելու եւ ուղարկելու ենք այդ դպրոցների գրադարաններ։ Այսպիսով՝ երեխաները կհասկանան, որ իրենց հավաքած թափոններով կարող են օգուտ տալ իրենց ու իրենց դպրոցին»,- ասում է Մարինեն։
Ծրագրի ավարտին բոլոր դպրոցների հավաքած թափոնները տեղափոխվելու են գործարան, ու ստացած գումարը հանձնվելու է դպրոցներին, նրանք էլ որոշելու են, թե գումարն ինչպես օգտագործեն։ Մարինեն նաեւ նկատել է, որ դպրոցներում երեխաների հետ աշխատանքներ են տարվում․ բաց դասեր են կազմակերպում, պաստառներ են պատրաստում եւ այլն։ Իրենք էլ երեխաներին տեղեկատվական թերթիկներ են ուղարկելու։ Քանի որ ծրագիրն առանց որեւէ ֆինանսավորման է իրագործվում, վաղ է խոսել դպրոցների հետ ամփոփիչ կամ այլ միջոցառումների մասին, բայց, գուցե, այդպիսիք էլ լինեն։
Մարինեի կարծիքով այսպիսի ծրագրերը շատ կարեւոր են մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդ-ուսուցիչ Մելանի Հովհաննիսյանն ասում է՝ երեխաները մեծ ոգեւորությամբ են մասնակցում ծրագրին։ Թափոնամանների պատրաստաման մրցույթում չեն հաղթել, բայց աշակերտներն ամեն հնարավոր տեղից կափարիչներ են բերում, որ այս անգամ հաղթեն։ «Անընդհատ նկարում, ուղարկում են ինձ, որ արդեն էսքան հավաքել են։ Ուրախացած ասում են՝ լավ է, որ Նոր տարի է, ավելի շատ կարող են հավաքել։ Ուր գնում են, ասում են, որ կափարիչները դեն չնետեն, տան իրենց, որ իրենք էլ վերամշակման հանձնեն։ Նույնիսկ հարեւան համայնքներից են հավաքում»,- պատմում է Մելանին։
Նրա կարծիքով ծրագիրը մի քանի հարց է լուծում․ նախ՝ հասկանում են, որ ձեռքի տակ ընկած ամեն ինչ չպետք է նետել վառարանը կամ էլ աղբամանը։ Հետո էլ՝ մրցույթ է, որի միջոցով կարելի է կոտրել այն կարծրատիպը, թե ոչինչ հնարավոր չէ փոխել։ Մելանին կարեւորում է այսպիսի ծրագրերի իրագործումը ոչ միայն գյուղերում, այլեւ քաղաքներում։ «Հույս ունեմ, որ այս ծրագիրը միայն կափարիչներով չի սահմանափակվի ու կթիրախավորի նաեւ քաղաքները, քանի որ եթե գյուղերում տները մեծ մասամբ տաքացնում են վառարաններով ու շատ պլաստիկե իրեր, թղթեր այրում են, ապա քաղաքներում այդ ամբողջը աղբ է դառնում։ Իհարկե, այրելն էլ կարող է վնաս հասցնել, բայց, կարծում եմ, ոչ այնքան, որքան աղբակույտերը»,- ասում է Մելանին։
«Կափարիչն աղբ չէ» ծրագրին ակտիվ արձագանքներ են եղել, շատ դպրոցներ մասնակցության ցանկություն են հայտնել։ Ծրագրի հաջողելու դեպքում մասնակից դպրոցների թիվն էլ կավելանա։
«Էկո աղբ»-ի մյուս նախաձեռնությունը «Պլաստիկը աղբ չէ․ Վանաձոր» ծրագիրն է։ Հունվարի 29-ին Վանաձորում հավաքելու են պլաստիկ շշեր, պոլիէթիլենային տոպրակներ ու դրանք տեղափոխելու են տեղի վերամշակման գործարան։
«Վանաձորում շուտվանից ենք հավաքներ անում։ Առաջին՝ «Թուղթը աղբ չէ» խորագրով հավաքն արել ենք 2018-ին ու 400 կիլոգրամ թուղթ ենք հավաքել։ 2019 թվականին պլաստիկ իրեր ենք հավաքել, բայց քիչ։ Քանի որ շուտով Վանաձորում պլաստիկի վերամշակման գործարան կսկսի աշխատել, ուզում ենք այնտեղ մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնել ու խթանել քաղաքում պլաստիկի վերամշակումը»,- ասում է ծրագրի պատասխանատու Արգիշտի Դարբինյանը։
Նախաձեռնությունն իրագործվելու է այսպես՝ Ֆեյսբուքի միջոցով մարդկանց տեղեկացնելու են միջոցառման տեղի ու ժամի մասին, որ նրանք բերեն իրենց թափոնները։ Նշված ժամի ավարտից հետո հավաքված թափոնները տեղափոխվելու են գործարան։ Արգիշտին ասում է՝ իր տեղեկություններով Վանաձորում կան աղբի տեսակավորման համար նախատեսված ցանցեր, բայց հստակ չէ՝ արդյո՞ք դրանք իրենց նպատակին ծառայում են։ Այնուամենայնիվ, մարդիկ այդքան էլ տեղեկացված չեն տեսակավորման մշակույթից։ «Կարծում եմ՝ այսպիսի նախաձեռնությունները դրական ազդեցություն են ունենում հանրության վրա։ Մենք իրազեկում ենք որոշ բնակիչների, նրանք այդ մասին խոսում են իրենց հարեւանների հետ, աշխատավայրերում, ու այդպես տարածվում է»,- ասում է Արգիշտին։
Քանի որ «Էկո աղբ»-ն ինքնաֆինանսավորվող հասարակական կազմակերպություն է, նրան զուգահեռ գործում է Green Shop 4eco կանաչ խանութը, որը զբաղվում է էկո ապրանքների վաճառքով, ու շահույթի մի մասը փոխանցվում է ՀԿ-ի գործունեությանը։ Վաճառքն առցանց է։ Առաքումներն իրականացնում են մարզերից եկած ուսանողները: Որոշ ապրանքներ պատրաստում են գործազուրկ կանայք։
Այսպիսով՝ մոլորակն էկոլոգիական աղետից փրկելու համար պետք է հնարավորինս հրաժարվել էկոլոգիապես վտանգավոր ապրանքների կիրառումից, բարձրացնել մարդկանց գիտակցության մակարդակն ու զարգացնել վերամշակումը։