Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Էրդողանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ղազախստանում հնարավորինս շուտ նոր կառավարություն կձեւավորվի, եւ լարվածությունը հնարավորինս արագ կնվազի։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան ուշադրությամբ հետեւում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Էրդողանը Ղազախստանում ծագած ճգնաժամն այսօր քննարկել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի եւ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
Էրդողանը նշել է, թե եղբայրական Ղազախստանը երկխոսության միջոցով կհաղթահարի ծագած խնդիրը։ Անվտանգությունն ու կայունությունը կարեւոր են ամբողջ տարածաշրջանի համար։
Թուրքիայի ԱԳՆ-ն դեռեւս երեկ է հայտարարել, որ ուշադրությամբ հետեւում է ղազախական զարգացումներին եւ հույս է հայտնել, որ իրավիճակը բարեկամական Ղազախստանում արագ կկարգավորվի։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն այսօր ավելի վաղ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։