Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանի իրավապահների հետ համատեղ լիարժեք վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը։
ՌԾՈՒ հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշանակվել է խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար։
«Սպուտնիկ Ղազախստանը» տեղեկացրել է, որ Ալմաթիի օդանավակայանը շրջապատված է զինվորականներով, տարածքում ռազմական տեխնիկա, զրահամեքենաներ կան։ Նուր-Սուլթանի օդանավակայանը, ըստ լրատվամիջոցի, աշխատում է բնականոն ռեժիմով։
«Խաբար 24» տեղական հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել է, որ Ալմաթիի օդանավակայանն ուրբաթ չի աշխատի տեղական ժամանակով մինչեւ երեկոյան 21։00-ն։
Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաեւը հայտնել է, որ ՀԱՊԿ զինվորականները ռազմական գործողություններին չեն մասնակցում։ Նա նշել է, որ խաղաղապահները պաշտպանության ու անվտանգության գործառույթներ կիրականացնեն։
Աբաեւը հավելել է, որ հունվարի 6-ին ՀԱՊԿ զորախումբն Ալմաթիում պաշտպանության նախարարության ու «Արիստան», «Առլան», «Բերկուտ» ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են փողոցների մաքրման ու ազատման աշխատանքներ։
Ղազախստանի ՆԳՆ տվյալներով` ներկա պահին սպանվել է անկարգությունների 26 մասնակից, շուրջ 3000-ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
Ղազախական լրատվամիջոցները նշում են, որ Ալմաթիի փողոցներում հրաձգությունը վերսկսվել է: Պարետատնից հայտնել են, որ ձերբակալվել են 70 գրոհային եւ 30 կողոպտիչ:
Ալմաթիի «Միր» հեռուստաալիքի շենքն այրվում է
Ըստ «Սպուտնիկ Ղազախստանի»՝ Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաեը հայտնել է, որ Ալմաթիում բախումների ժամանակ ահաբեկիչների կողմից գործել են հատուկ հրացաններով դիպուկահարներ։
Ղազախական «Հաբար 24»-ը հունվարի 7-ի առավոտյան հայտնել է, որ Ալմաթիում ծայրահեղականները դիրքավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում։ Ըստ հեռուստաալիքի թղթակցի՝ գործընկերները պատմել են, որ ամբողջ գիշեր քաղաքում կրակոցներ են լսվել, որոնք այժմ էլ կարելի է լսել Ալմաթիում։
«Բացի դրանից, Հանրապետության հրապարակում մի խումբ ծայրահեղականներ բարիկադավորել են «Միր» հեռուստաալիքի շենքը, կան զոհեր, զոհվածների մարմինները հենց փողոցում են»,- նշել է թղթակիցը:
Ալմաթիում այրվում է «Միր» հեռուստառադիոընկերության մասնաճյուղի շենքը։ Հեռուստաալիքը հրապարակել է այրվող շենքի տեսանյութը։ Դատելով կադրերից՝ շենքը դեռ գիշերն են հրկիզել։
Հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն մինչեւ զինյալների ոչնչացումը
Ըստ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ է սահմանվել։ Նախագահը նշել է, որ երկրում հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչեւ զինյալների ամբողջական ոչնչացումը։
Տոկաեւը հունվարի 7-ի առավոտյան հակաահաբեկչական շտաբի նիստ է անցկացրել նախագահի վարչակազմի ղեկավարության, անվտանգության խորհրդի, ուժային կառույցների մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են երկրում օպերատիվ իրավիճակը, հակաահաբեկչական գործողության ընթացքը, տարածաշրջաններում տիրող իրավիճակը:
«Ահաբեկիչները նախկինի պես զենք են կիրառում, վնաս հասցնում քաղաքացիների ունեցվածքին։ Այդ պատճառով հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակել մինչեւ զինյալների ամբողջական ոչնչացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ղազախստանի նախագահը կդիմի ժողովրդին
Ըստ ղազախական «Հաբար 24» հեռուստաալիքի՝ Ղազախստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Բերիկ Ուալին հայտնել է, որ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հունվարի 7-ի երեկոյան Ղազախստանի ժողովրդի առջեւ հանդես կգա երկրի իրավիճակի վերաբերյալ ուղերձով։
Ուղերձը կհեռարձակվի Հանրապետական հեռուստաալիքների եթերում։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։