ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունները ղեկավարում է ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պահպանությունը, իրավիճակի կայունացումն ու Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմիններին աջակցելը։
ՌԴ-ից Ղազախստան 12 ռազմական ինքնաթիռ է մեկնել
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական 12 Իլ-76 եւ Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռները զինծառայողներին եւ տեխնիկան կհասցնեն Ալմաթիի եւ Ժետիգենի օդանավակայաններ: 12 ինքնաթիռները Ղազախստան են մեկնել մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուս դեսանտայինները լիակատար վերահսկողություն են սահմանել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ:
Ռուսական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են օդադեսանտային զորքերի 45-րդ առանձին բրիգադի, օդադեսանտային օդուժի 98-րդ դիվիզիայի եւ օդադեսանտային զորքերի 31-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները: Ռուսական զորակազմի բոլոր զինծառայողները հատուկ պատրաստություն են անցել եւ մարտական փորձ ունեն։
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել էին նաեւ, որ ռուս խաղաղապահների տեղափոխման համար ստեղծվել է Իլ-76 եւ Ան-124 ինքնաթիռներից բաղկացած օդային խմբավորում, որը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի ստորաբաժանումները շուրջօրյա ռեժիմով տեղափոխում է Ղազախստան:
Հայ խաղաղապահները տեղափոխվում են ռուսական ռազմական ինքնաթիռներով
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումը Ղազախստան է տեղափոխվում ռուսական երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներն արդեն օդ են բարձրացել «Զվարթնոց» օդանավակայանից։