ՌԴ խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչեւը «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ ՀԱՊԿ-ի կազմում չընդգրկված ցանկացած երկիր Հավաքական անվտանգության զորքերի՝ Ղազախստան մուտք գործելու օրինականությունը ստուգելու ոչ մի հիմք չունեն։
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Պսակին ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ-ը հետեւում է ՀԱՊԿ զորքերի մուտքին Ղազախստան։ Նա հավելել էր, որ «դեռ չգիտեն՝ արդյո՞ք այդ քայլն օրինական է եղել»։
«Ես ենթադրում էի, որ այս իրավիճակն Արեւմուտքին դժգոհության եւ մեկնաբանությունների առիթ է տալու։ Քանի որ Արեւմուտքին ծայրահեղ դուր չի գալիս ցանկացած իրավիճակ, որը զարգանում է առանց իր իմացության եւ ոչ այն սցենարներով, որ նրանք իրենց համար լավագույնն են համարում»,- շեշտել է Կոսաչեւը։
Ըստ Կոսաչեւի՝ ո՛չ Ղազախստանը կարիք ուներ ԱՄՆ-ի կամ որեւէ այլ մեկի կարծիքը հարցնելու՝ ՀԱՊԿ-ի իր գործընկերներին դիմելու վերաբերյալ, ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեին այդ կարիքը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին իրենց պատասխանը տալու ժամանակ։
Ինչ-որ պահի կորոշեն, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահների կարիքն այլեւս չկա
Կոսաչեւը հիշեցրել է, որ բոլոր երկրներն ինքնիշխան են, իսկ ՀԱՊԿ-ը գոյություն ունի բոլոր անդամ պետությունների հավաքական անվտանգությունն ապահովելու համար։ Երբ պետություններից մեկը վտանգված է (տվյալ դեպքում՝ կանգնած է ահաբեկչական սպառնալիքի առջեւ), ՀԱՊԿ-ը այդ իրավիճակին արձագանքելու լիակատար իրավունք ունի։
Որքա՞ն ժամանակ խաղաղապահները կմնան Ղազախստանում հարցին ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը պատասխանել է, որ Ղազախստանում սահմանադրական կարգի վերահաստատումը հենց Ղազախստանի իշխանությունների մենաշնորհն է։
«ՀԱՊԿ խաղաղապահները կարող են աջակցություն ցուցաբերել այդ հարցում։ Առաջին ջութակը Ղազախստանի իշխանությունն է, նրանք են որոշում ցույցերին արձագանքի ձեւաչափը, գնահատում դեպքերի ընթացքը։ Ճիշտ այնպես, ինչպես Ղազախստանի իշխանությունները ձեռնարկեցին, որ ՀԱՊԿ-ը խաղաղապահ գործողություն իրականացնի, այդպես էլ նրանք ինչ-որ պահի պետք է որոշում ընդունեն, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահների կարիքն այլեւս չկա»,- պարզաբանել է Կոսաչեւը։
Խաղաղապահ ուժերը կմնան, մինչեւ խռովությունների ալիքը կմարի՞
Ավելի վաղ ռուս հայտնի քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին իր Telegram-ալիքում գրել էր, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը Ղազախստանում կմնան այնքան, որքան անհրաժեշտ լինի, քանի որ պետք է մարել հուզումների եւ խռովությունների ալիքը:
«Ղազախստանում իրավիճակը պետք է կայունանա, իսկ պետականությունն ամրապնդվի, որպեսզի այդ երկրում տեղի ունեցող դեպքերի կրկնության մասին խոսք անգամ չլինի։ Այդ ժամանակ եւ միայն այդ ժամանակ կարելի է խոսել խաղաղապահ գործողության ավարտի մասին»,- ընդգծել է Կոսաչեւը։
Նրա կարծիքով՝ Ղազախստանում բողոքի ակցիան ինքնաբուխ է սկսվել, եւ որ դա իսկապես բնակչության արձագանքն էր գազի գինը կտրուկ բարձրացնելու վերաբերյալ իշխանությունների սխալ որոշմանը:
«Դա սխալ որոշում էր եւ հունվարի 2-ին մարդկանց դրդեց փողոց դուրս գալու։ Իսկ այ հետո իրավիճակը սկսեց ուրիշ սցենարով զարգանալ… քաղաքական բաղկացուցիչ ի հայտ եկավ»,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը։
Համեմատել է «գունավոր հեղափոխության դասական սցենարի» հետ
Ըստ Կոսաչեւի՝ եթե դա բացառապես սոցիալ-կենցաղային բողոք լիներ, այն կսպառվեր հունվարի 3-ին։ Կոսաչեւը չի բացառել, որ քաղաքական ծրագիրը հրապարակ են նետել սեփական սոցիալ-տնտեսական իրավունքները պաշտպանելու համար ի սկզբանե փողոց դուրս եկած ցուցարարները։
Նա նշել է, որ բողոքի երկրորդ ալիքը մեկ օրից էլ քիչ ժամանակում է արձագանք ստացել։ Ղազախստանի իշխանությունների կողմից Տոկաեւը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին՝ լուծարելով գործող խորհրդարանը: Սակայն հարցը այստեղ էլ չի փակվել։ Երրորդ օրը սկսվել են ծայրահեղական երեւույթները` պետական հաստատությունների շենքերի զավթումը։
«Այս ամենը հիշեցնում է գունավոր հեղափոխության դասական սցենարը, եւ այստեղ ես կասկած չունեմ, որ ամբոխի մեջ հայտնվել են մարդիկ, ովքեր գիտեն ինչպես գունավոր հեղափոխություն կազմակերպել։ Նրանք այն կազմակերպել են այլ երկրներում, հիմա էլ սկսել են խառնել իրավիճակը բուն Ղազախստանում»,- ընդգծել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահը:
ՀԱՊԿ խաղաղապահների թվի ավելացման մասին չեն խոսել
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ի հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորակազմի ավելացման հնարավորությունը:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ խաղաղապահների գործողության մեկնարկից ի վեր Պուտինին պարբերաբար զեկուցում է Ղազախստանում խնդիրների կատարման համար ուժեր տեղափոխելու մասին: