Հարցին, թե այս պահին ինչ հիմնական խնդիրների առջեւ է կանգնած արցախցին, Ազգային ժողովի պատգամավորը պատասխանում է. «Առաջնայինը մնալ-չմնալու հարցն է»։
Ի՞նչ է ասել նա մինչ այդ, ի՞նչ է ասելու վաղը՝ այլեւս էական չէ։ Այդ միտքը քաղաքական «տապանագիր» է արդեն։ Որովհետեւ երբ իշխանության ներկայացուցիչը նման ձեւակերպում է թույլ տալիս, ուզես, թե ոչ, եզրակացությունը գալիս է ինքնին՝ Արցախում քաղաքական դասը դեգրադացվել է, ոչ ադեկվատ է, իրականության հանդեպ՝ անզոր (Տագնապ եւ հուսալքություն սերմանելու կանխավարկածը եթե բացառենք)։
Տարեվերջյան մի ելույթում նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ 2022 թվականը դիմավորում ենք 19,5 հազար աշակերտությամբ։ Որքան հիշում եմ, պաշտոնական Ստեփանակերտը նման ուղերձ առաջին անգամ է հղում։ Մի կողմից դա կարելի է ալիեւյան զեղծարարության («Արցախում ընդամենը 25 հազար հայ է ապրում») հստակ պատասխան գնահատել, բայց շատ կարեւոր է նաեւ ներքին ազդակը, որ իշխանությունն իրողությունները գնահատում, իսկ ապագան կանխածրագրում է ժողովրդագրական, չխուսախեմ որակումից, դիմադրությամբ։
Այս համապատկերին «առաջնայինը մնալ-չմնալու հարցն է»՝ Ազգային ժողովի պատգամավորի հնչեցրած միտքը դատավճռի տպավորություն է թողնում։
Ինչո՞ւ։
Ինչո՞ւ արցախյան ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, արդեն նաեւ սոցիալական ցանցերի օգտատերեր շարունակաբար դատապարտվածություն են ներարկում։
Ամանորին Երեւանից հայրենի քաղաք եկած քաղաքագետը Ֆեյսբուքում գրել էր․ «Չմեռանք՝ Ստեփանակերտում էլ խցանման մեջ ընկանք»։ Ստեփանակերտում խցանումներ լինում են ամեն օր, այսպես ասած՝ «պիկ ժամերին»։ Իհարկե, դա անվտանգության եւ վաղվա ապահովության երաշխիք չէ։ Երաշխիք չէ նաեւ ձմեռնահերկը։ Բայց «մնալ-չմնալու առաջնահերթության» հանրությունը հաստատ նոր, անհատական շինարարության հիմքեր չի գցի։ Գյուղացին խնայած փողերը սերմացու, վառելիք ձեռք բերելու վրա չի ծախսի, անասնագլխաքանակի մեծացման, ֆերմա կառուցելու կամ կաթիլային ոռոգման այգի հիմնադրելու ծրագրեր չի մտմտա։ Վերջին կովն էլ կմորթի, գումարը կդնի «բարձի տակ» եւ կսպասի, թե երբ է հնչելու տագնապի զանգը։ Կամ էլ լուռումունջ կհեռանա, եւ նույնիսկ բարեկամ-ընկերները չեն իմանա, թե երբ, ինչպես եւ ուր գնաց։
Քառասունչորսօրյա պատերազմից առաջ մեր գյուղի տղաները մտմտում էին մի բարձունքի խաչ կանգնեցնել, խոստացել էի օգնել։ Երեկ հիշեցրին, համայնքի ղեկավարն էր հետաքրքրվում՝ պայմանն ուժի մե՞ջ է։ Իհարկե՝ վստահեցրի։ Եվ կանենք։ Մեծ բան չէ, բայց եթե մտածել են, որ բարձրադիր խաչը գյուղին ինչ-որ բան տալու է, թող լինի։ Թեեւ ինձ համար ավելի կարեւորը գյուղական մի առանձնատան կտուրի նորոգումն է, անգամ ներկի թարմացումը։ Եվ այն, որ համարյա բոլոր տներում տաք ջուր ունեն, իսկ որեւէ միջոցառման ներկայանում են սեփական մեքենայով։
Այդ մարդկանց ինչո՞ւ են ներշնչում, որ առաջնայինը «մնալ-չմնալու հարցն է»։ Ո՞վ է սադրում։ Սոցիալական ցանցի արցախահայուհի օգտատերը մի կեղծ էջի տեղեկություն է տարածում, թե «Ստեփանակերտի եւ մոտակա մյուս շրջանների հայ ժամանակավոր բնակիչները փետրվարի 1-ից 100 դոլար կեցության հարկ կվճարեն, իսկ եթե հրաժարվեն, կարտաքսվեն»։
Թշնամական քարոզչություն է։ Հարցնում եմ՝ «Ի՞նչ մի հաճույք է՝ նման կեղծ լուրեր տարածել», շատ սառնասրտորեն պատասխանում է՝ «Որ իմանաք եւ գրեք, դա իմ էջն են գողացել»։ Ֆեյսբուքի իմ էջն ինչո՞ւ չեն գողանում։ Պատկան մարմինները զբաղվելո՞ւ են այդ հարցով։ Հազիվ թե։
Քառասունչորսօրյա պատերազմից մեկ կամ երկու ամիս առաջ Ֆեյսբուքում գրեցի, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված ՀԿ ղեկավար Թուրալ Գյանջալիեւը Ստեփանակերտում ունի ֆեյսբուքյան տասնյակ հետեւորդներ, ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրեցի։ Արձագանքը՝ զրո։ Սեպտեմբերի 27-ից ընդամենը երեք-չորս օր առաջ սոցիալական ցանցերում Արցախի ԱԱԾ աշխատակցի անունից տեղեկություն տարածվեց, որ «պետք է անհապաղ հեռանալ Ստեփանակերտից»։ Ո՞վ ուշադրություն դարձրեց։
Ո՞վ է այսօր զբաղվում նման հարցերով։ Երբեմն-երբեմն ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, որ թշնամական կողմը կեղծ էջերով ապատեղեկատվություն է տարածում, զգուշացնում «չտրվել սադրանքների»։ Իսկ եթե դա ամենեւին էլ թշնամական կողմի ձեռքը չէ՞։ Չէ՞ որ Ազգային ժողովի պատգամավորն է հայտարարում, որ արցախցու գերմտահոգությունը մի հարց է՝ «մնա՞լ, թե՞ հեռանալ»։ Չէ՞ որ նա մի ամբողջ քաղաքական ուժ է ներկայացնում, կուսակցություն։ Չէ՞ որ նրան չեն հակադարձում։
Ի՞նչ դավ է նյութվում, երբ անընդմեջ կրկնում են, որ «Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից»։ 2018-ին նույն ուժերն ասում էին, որ «Փաշինյանը եկել է հանձնելու Արցախը»։ Ո՞վ է ղարաբաղյան «էպիտաֆիա» հեղինակում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։