Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ Նազարբաեւը Ղազախստանի քաղաքացիներին հորդորել է միավորվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի շուրջը` ներկա մարտահրավերները հաղթահարելու ու երկրի ամբողջականությունը պահպանելու համար։
«Նազարբաեւը Ղազախստանի մայրաքաղաքում է։ Խնդրում ենք կեղծ եւ սադրիչ տեղեկություններ չտարածել։ Նա մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում եւ անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ»,- նշել է Ուկիբայը։
Ըստ Նազարբաեւի մամուլի քարտուղարի` Ղազախստանի նախկին նախագահը նաեւ հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ երկրների ղեկավարների հետ։
Ղազախստանը 30 տարի ղեկավարած 78-ամյա Նազարբաեւը 2019-ին հրաժարական էր տվել` հայտարարելով, որ քաղաքականությունից չի հեռանում։ Նա պահպանել էր իշխող «Նուրոտան» կուսակցության առաջնորդի, ինչպես նաեւ Ղազախստանի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, բացի դրանից՝ առ այսօր «ազգի առաջնորդի» տիտղոսը։
Նազարբաեւի հրաժարականից հետո Ղազախստանի նախագահի պարտականությունները ստանձնել էր ղազախական խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։
2022-ին Ղազախստանում սկսված բողոքների ցույցերի ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին հայտարարել էր, որ Նուրսուլթան Նազարբաեւին կփոխարինի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում:
Ավելի ուշ լուրեր էին տարածվել, որ Նազարբաեւն ու նրա ընտանիքի անդամները հատուկ չվերթերով հեռացել են Ղազախստանից։