Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը հունվարի 8-ի առավոտյան կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։ Համայնքի ղեկավարը հավելել է, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակոցները լռեցվել են։
Համայնքի ղեկավարը հայտնել է նաեւ, որ հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան։ Ադրբեջանական կողմի մասին տեղեկություն չկա։ Երանոսյանը նշել է, որ սահմանապահ հենակետերը գյուղից շուրջ 3 կմ-ի վրա են տեղակայված։
«Գյուղում կրակոցները պարզ լսվում էին, այնքան հեռվից չէին, որ չլսվեին։ Մոտավորապես Վերին Շորժայի աջ հատվածի կողմում էր։ Կրակոցի ձայները սարերից արձագանքում են, դժվար է որոշել` ինչ տրամաչափի զենքեր են, որտեղից են։ Համենայնդեպս, նրանց մեկի փոխարեն մենք տասը կրակել ենք»,– շեշտել է Երանոսյանը։
Ըստ Վերին Շորժա համայնքի ղեկավարի՝ գյուղում վերջին անգամ կրակոցներ լսվել են Ամանորի գիշերը: Այդ ժամանակ հայկական կողմի պատասխան կրակոցների արդյունքում հակառակորդը դարձյալ լռել է։
Ըստ սահմանամերձ Կութ համայնքի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանի եւ Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանի՝ իրենց գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։