Ես չէի վիճարկի Ղազախստան զորք ուղարկելու Հայաստանի կառավարության որոշումը, որը խորհրդարանական կառավարման երկրում շրջանցել է խորհրդարանը։ Եթե ՀԱՊԿ-ը ուզում է խառնվել Ղազախստանի ներքին գործերին, Փաշինյանն այդտեղ անզոր է։ Սակայն չափազանց զվարճալի է Հայաստանի հիմնավորումը, թե ինչու է զորք ուղարկում Ղազախստան։ «Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»,- ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ՀՀ քաղաքացիներին բաց տեքստով ասում է՝ եթե վաղը որոշեք ձեր իրավունքներին տեր լինել, ձեր անունը կդնենք ահաբեկիչ ու ՀԱՊԿ-ին կկանչենք Երեւան։ Այսինքն՝ ո՞վ պետք է Հայաստանում նման իրավիճակ ստեղծի՝ ԱՍԱԼԱ՞-ն, Դաշնակցությո՞ւնը։
Հասկացանք, ՀԱՊԿ-ը մատը մատին չի խփել, երբ Ադրբեջանը մտավ Հայաստան, ձեզ կամ մեզ մարդատեղ դնող չեղավ, մեր մարտահրավերները ոչինչ էին ՀԱՊԿ-ի մասշտաբի, առաքելության ու քաղաքական խնդիրների առջեւ։
Այդքանը հասկացանք։
Բայց ի՞նչ խնդիր է սեփական քաղաքացիներին ասել, թե ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանը մանեւրելու տեղ չուներ։ Հայաստանն իսկապես գաղափար չունի, թե ինչ է կատարվում Ղազախստանում: Ովքեր էլ լինեն անկարգությունների հեղինակները, նրանք այդ երկրի քաղաքացիներն են։ Գուցե Թուրքիան է հրահրում, գուցե Ղազախստանի նախագահն է հրահրողը, որ ազատվի Նազարբաեւից, գուցե այդ երկրի ԱԱԾ նախկին ղեկավարն է հրահրել, ինչի մասին արդեն պաշտոնապես Ղազախստանն է հայտարարում։
Հայաստանը Ղազախստանում անելիք չունի որպես անկախ պետություն, բայց ՀԱՊԿ-ն կա, եւ ՀԱՊԿ-ում Հայաստանն ընդամենը վագոն է, տանում են՝ գնում է։ Հայաստանն անկեղծ չէ սեփական քաղաքացու հետ, ահա ամբողջ խնդիրը։ Եվ այն, ինչ ասում է ԱԽՔ-ը, պարզ «մուտիլովկա» է։ Կներեք այս բառի համար։ Եվ ԱԽՔ-ի բերանով կարելի է լսել նաեւ Ռուսաստանի զգուշացումը հեղափոխությունների դեմ վճռական լինելու մասով։
Նիկոլ Փաշինյանը միանգամից է համաձայնել զորք ուղարկելուն, նա նույնիսկ ձգձգելու փորձ չի արել։ Ինչո՞ւ։ Մի քանի պատասխան կա. կա՛մ փոխարենը երաշխիք է ստացել որեւէ այլ հարցում Ռուսաստանի աջակցության, կա՛մ շտապել է սիրաշահվել։ Կամ էլ նրան շատ հանգամանալից բացատրել են մարտի 1-ի «հմայքը» նման իրավիճակներում։
Իսկ «հմայքն» այն է, որ լեգիտիմությունը «ֆնդխություն» է, ժողովրդավարությունը Գյուլնազ տատի հեքիաթ է, դու մեզ օգնում ես քո ձեւով, մենք քեզ օգնում ենք մեր ձեւով։ Թե չէ ղազախ պոետ Ջամբուլ Ջաբաեւի պատմած պակաս հեքիաթ չէ ԱԽՔ-ի ասածը՝ «ՀԱՊԿ մեխանիզմները երեւի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն»։
Ոչինչ էլ ցույց չի տվել Հայաստանը։ Այսուհետեւ էլ ՀԱՊԿ-ը Ադրբեջանի դեմը չի առնի Հայաստանի դեմ որեւէ ոտնձգության համար հենց թեկուզ այն պատճառով, որ ավտորիտար համակարգերի դեմ ավտորիտար կառույցը կռիվ չի սկսում։ Ավտորիտար համակարգերը իրարով են փայփայում միմյանց կենսունակությունը։ Այ որ այդ փայփայողներին միանում է հեղափոխություն արտահանող ԱԽՔ-ը, Հայաստանի հասարակությանը մտահոգվելու թեմա պիտի տա։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: