Կահիրեի ամերիկյան համալսարանում ցուցադրվում են հայ տաղանդավոր լուսանկարիչ Վան Լեոյի (Լեւոն Բոյաջյան) ավելի քան 150 լուսանկարները: Համալսարանի կայքը տեղեկացնում է, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ փետրվարի 20-ը: Վերջին տարիներին Կահիրեի ամերիկյան համալսարանը մի քանի անգամ կազմակերպել է հայ լուսանկարչի ցուցահանդեսը. Վան Լեոն 1998-ին իր արխիվը նվիրել է Եգիպտոսի ամերիկյան համալսարանին, որտեղ այն տեղ է գտել գրադարանի հազվագյուտ գրքերի եւ հատուկ հավաքածուների բաժնում:
Եգիպտոսի 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը համարվող Լեոյին լուսանկարչության մասնագիտական կայքերն ու եգիպտական մամուլը ներկայացրել են իբրեւ «լեգենդ», «լույսի եւ ստվերի նկարիչ», «Եգիպտոսի լուսանկարչության դեմքը»:
«Վան Լեո. Կահիրե» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է 1940-ականներից մինչեւ 20-րդ դարի վերջը լուսանկարչության արվեստում տեղի ունեցած վերափոխումները, որոնք կիրառել է Վան Լեոն: Նա լուսանկարել է Եգիպտոսի ամենահայտնի մարդկանց, Կահիրե այցելած նշանավոր դերասանների, գրողների: Հատուկ շարք ունի, որ նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կահիրե եւ Ալեքսանդրիա գնացած բրիտանացի, ավստրալացի, ամերիկացի, հարավաֆրիկացի, սուդանցի եւ այլ ազգությունների զինվորներին:
Ցուցահանդեսը նվիրված է լուսանկարչի 100-ամյակին: Նա մահացել է 2002-ին, հուղարկավորված է Կահիրեի հայկական գերեզմանատանը: