Ֆիլմերի եւ սերիալների արտադրության ամենահայտնի հարթակը՝ Netflix-ը, իր վերջին նախագծերից մեկում՝ WW2 in color: road to victory (Երկրորդ համաշխարհային պատերազմն իր գույներով. ուղի դեպի հաղթանակ), ցուցադրել է քարտեզային կադրեր, որոնցում Հայաստանի տարածքը ներառում է Արեւմտյան Հայաստանի տարածքը եւս։
Թուրքիայում դրան կոշտ են արձագանքել։ Մասնավորապես Թուրքական ծովային եւ գլոբալ ռազմավարությունների Turk Degs կենտրոնը թվիթերյան գրառմամբ դատապարտել է Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ուղղված այս բոլոր փորձերը։
Թուրքական Yeni Akit պարբերականն էլ գրել է, որ Netflix-ը թշնամաբար է տրամադրված թուրքերի նկատմամբ, քանի որ Թուրքիայի Արեւելյան Անատոլիայի շրջանը ցուցադրվել է որպես Հայաստան։
Ըստ թուրքական պարբերականի՝ Netflix-ը փորձում է «իր գաղափարներն ու հիվանդ խաղերը» հարմարեցնել քարտեզին: Հոդվածի հեղինակը կոչ է արել հակաթուրքական ընկերության հեռարձակումները դադարեցնելու Թուրքիայում։
Թուրքիայում աղմուկ հանած սերիալի դրվագը Ստալինգրադի ճակատամարտի մասին է, որում Armenia անունը դուրս է գալիս ժամանակակից Հայաստանի տարածքից՝ անցնելով դեպի Կարս եւ Արեւմտյան Հայաստանի այլ մարզեր։