ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել «Անորակ հրթիռների» գործով։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ կամ խմբային շահերով պայմանավորված, եւ եթե դրանք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու եւս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ԶՈՒ եւ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով 2018-ին ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։
Ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը նրանք համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։
Նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2․277․23․840 ՀՀ դրամին համարժեք, 4․655.200 ԱՄՆ դոլարի հափշտակություն։