Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում շարունակվել է ՀՀ երկու քաղաքացու՝ Իշխան Աշոտի Սարգսյանի եւ Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի գործով դատավարությունը:
Ադրբեջանական կողմը հայ զինծառայողներին «ահաբեկչության» եւ «պետական սահմանի ապօրինի հատման» մեղադրանք է առաջադրել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ՊՆ հետախուզության հատուկ ջոկատի զորամասի խմբի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը եւ որպես սակրավոր ծառայող Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանը 2021-ի մայիսի 27-ին ականապատման գործողություններ են իրականացրել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանի Յուխարի Այրիմ գյուղի տարածքով անցնող ճանապարհներին:
Լրատվամիջոցը նշել է, թե ամբաստանյալ Իշխան Սարգսյանը ցուցմունքում նշել է, որ «ինքը հրաման է ստացել ականապատել Քարվաճառի շրջանի ճանապարհները եւ հետեւել է հրամանին»։ Սարգսյանն իբր ասել է, թե Թովուզի ուղղությամբ մարտերի ժամանակ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը պայթեցնելու հրաման է եղել»։
Հայ ռազմագերիների դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։