Ռուսական պատվիրակությունը գլխավորող ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ամփոփել է անվտանգության երաշխիքների շուրջ ռուս-ամերիկյան ավելի քան յոթ ժամ տեւած խորհրդակցությունների արդյունքները: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը չի սպասում, որ Արեւմուտքը ճկունություն կցուցաբերի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկների հարցում:
Անվտանգության երաշխիքների շուրջ առավոտյան ժամը մոտ 9-ին (Երեւանի ժամանակով 12-ին) մեկնարկած ՌԴ եւ ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումն անցել է փակ ձեւաչափով Ժնեւում՝ ՄԱԿ-ի գրասենյակին կից ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունում:
Սերգեյ Ռյաբկովը հանդիպումից առաջ հայտնել էր, որ Մոսկվան պատրաստ է լսելու՝ ինչ կհայտարարի ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքում հրթիռները չտեղակայելու մասին: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ կառուցողական երկխոսությունը հնարավոր է միայն Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունների մասին Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների վերանայման ավելի լայն համատեքստում։
Ժնեւում անցկացվող բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։
Հանդիպումը կարճ ժամանակով ընդհատվել է միայն ճաշի համար։ Խորհրդակցությունների ընթացքում 50-ից ավելի օտարերկրյա եւ ռուս թղթակիցներ ԱՄՆ մշտական ներկայացուցչության առջեւ սպասում էին բանակցությունների ավարտին։
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ներկայացուցիչները մի քանի անգամ տաք սուրճ եւ թեյ են առաջարկել լրագրողներին։ Սակայն ինչ-որ պահի ամերիկյան առաքելության դիմաց մնացել են միայն ամենահամառ լրատվամիջոցների ներկայացուցիչները Ռուսաստանից։