Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բայկոնուրում խաղաղապահների մշտական տեղակայման հարց չի քննարկվել։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է նաեւ, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններն անսպասելի էին ՀԱՊԿ բոլոր երկրների համար, սակայն համակարգումն ու դաշնակցային հարաբերությունները հնարավորություն ընձեռեցին ժամանակին արձագանքելու դրանց։
Ավելի վաղ Ղազախստանի պետքարտուղար Երլան Կարինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, որոնց առջեւ խնդիր է դրված պահպանելու մի շարք ռազմավարական օբյեկտներ, ներգրավված կլինեն երկրի ոչ բոլոր շրջաններում։ Կարինը նաեւ ընդգծել է, որ իրավիճակի կայունացումից հետո խաղաղապահ ողջ անձնակազմը դուրս կբերվի։
Բայկոնուրն աշխարհի առաջին ու ամենամեծ տիեզերակայանն է, որտեղից արձակվել է Երկրի առաջին արհեստական արբանյակը։ Բայկոնուրից է իրականացվել տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքը՝ Երկիր մոլորակից առաջին թռիչքը տիեզերք։
Բայկոնուր քաղաքը համարվում է Ղազախստանի Հանրապետության՝ վարձակալման պայմաններում գործող վարչական միավոր։ Քաղաքը համանուն տիեզերակայանի հետ ձեւավորում է Բայկոնուր համալիրը, որը Ռուսաստանը վարձակալել է Ղազախստանից մինչեւ 2050 թվականը։