Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունն ավարտվել է։ Ղազախական պետության ղեկավարը նշել է, որ խաղաղապահ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից եւ կտեւի ոչ ավելի, քան տասը օր:
Ղազախստանը նոր վարչապետ ունի
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկրի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաեւը ստորագրել է Ալիխան Սմաիլովին Ղազախստանի վարչապետ նշանակելու հրամանագիրը: Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հավանություն էին տվել նախկին առաջին փոխվարչապետ Սմաիլովի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:
Ղազախստանի նախագահը կառավարության հրաժարականն ընդունել էր հունվարի 5–ին` երկրում սկսված անկարգություններից մի քանի օր անց։
Ավելի քան 400 մինչդատական հետաքննություն
Ղազախստանում 412 նախադատական հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ: Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկրում հակաահաբեկչական գործողություն հայտարարելու օրվանից 412 նախադատական հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ` իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սպանությունների, բռնության, խուլիգանության, պետական մարմինների շենքերի վրա հարձակման փաստերով հարուցվել է 388 քրեական գործ։ Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 2161 մարդ:
Ղազախստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղազախստանի իրավապահ մարմինները երկրում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ գրեթե 10 հազար մարդ են ձերբակալել: